«Հիմա ո՛չ նա է ինձ դիմում, ո՛չ էլ ես եմ իրեն դիմում. չեմ ուզում որևէ մեկին դիմել ու ինչ-որ բան խնդրել». Համեստ Ներսիսյան
Դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Բաղրամյան 26 էր հրավիրել ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների մայրերին, հայտարարեց, որ բացվում է կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամ։
Նա այդ ժամանակ դիմելով բոլոր պաշտոնյաների և օլիգարխների կանանց՝ ասել էր. «Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը և թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրաբերեն տիկին Համեստի ֆոնդին»:
Նա նաև հույս էր հայտնել, որ կապը նահատակված տղաների մայրերի հետ մշտական կլինի, և մշտական կապի մեջ կլինեն ցանկացած հարցով։
168.am-ի հետ զրույցում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, ասաց՝ հիմնադրամը հիմնել էր, որպեսզի կարողանար զինհաշմանդամներին որևէ բանով օգնել, սակայն որևէ մեկի կողմից արձագանք չի եղել։
«Ուզում էի զոհված տղաների համար մի կենտրոն բացել, բայց հիմա մենք մի տեղ չունենք, որպեսզի կարողանանք հավաքվել ու մեր տղաների ծննդյան տարելիցները նշել, նրանց նվիրված միջոցառումներ անենք։ Հիմնադրամն այդպես էլ մնացել է, որևէ փոխանցում չկա, սկզբում որոշակի փոխանցում եղել է, իսկ հիմա կանգնած վիճակում է։ Այդպես մնացել է, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու»,- նշեց Համեստ Ներսիսյանը։
Հերոսի մոր խոսքով՝ Աննա Հակոբյանը տեղյակ է եղել բոլոր խնդիրներին, ավելին՝ խոստացել է, որ տարածք կտրամադրի, սակայն մինչ օրս որևէ խնդիր չի լուծվել։
«Հիմա ո՛չ նա է ինձ դիմում, ո՛չ էլ ես եմ իրեն դիմում, չեմ ուզում որևէ մեկին դիմել ու ինչ-որ բան խնդրել։ Թող հիմնադրամը որպես Արմենակի անունով մնա։ Բայց դե, մարդիկ չցանկացան որևէ բան անել, ես էլ լռում եմ։ Հիմնադրամին եղած չնչին աջակցությամբ գիրք ենք տպագրել, բացի այդ՝ բազմիցս դիրքեր եմ գնացել, դե, այդ ամենն էլ գումար արժե, դե գնալուց էլ ինչպե՞ս կարող ես զինվորի մոտ դատարկ ձեռքով գնալ։ Ես չեմ սիրել որևէ մեկից որևէ բան խնդրել ու չեմ էլ խնդրելու։ Տեսնում եմ, որ բոլորն անտարբեր են, միայն իրենց մասին են մտածում, թողած մեծ ընտանիքը՝ պետությունը, միայն սեփական անձի մասին են մտածում, ես էլ լռում եմ, կծկված ապրում եմ։ Իսկ եթե մեր ծնողների կողմից հարցեր են լինում, որոնց մասին պետք է բարձրաձայնվի, անպայման բարձրաձայնում եմ, հիմնականում իրավապաշտպանական հարցերով եմ զբաղվում։
Կրկնում եմ՝ որևէ մեկից որևէ բան չեմ խնդրում, իմ տղան իր էությամբ այնպիսին էր, որ չէր խնդրում»,- հավելեց Համեստ Ներսիսյանը։
Նա նշեց, որ հիմնադրամը բացելիս մտածում էր, որ մարդիկ կկանգնեն իր կողքին և կաջակցեն, որպեսզի հայրենանվեր ծրագրերն իրականացնի, սակայն որևէ մեկի կողմից աջակցություն չտեսավ։
Համեստ Ներսիսյանը ցավով նշեց, որ երբեք չէր մտածում, որ այն հողը, որի համար իր և շատ հայորդիներ իրենց կյանքը տվեցին՝ կհանձնվի թշնամուն։
«Ես երբեք չեմ մտածել, որ մեր տարածքները կհանձնվեն, ով էլ ուզում էր լիներ։ Երկրի ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նախագահն իրավունք չունեն նման բան անելու, ժողովրդավարական սկզբունքներով թող շարժվեն, բայց դե չկա նման բան, ով ինչ որոշեց՝ անում է, չի կարելի։ Էհ, ով չի կարող հող հանձնել, մանկապարտեզի երեխան էլ կհանձներ, ամենահեշտ տարբերակն է, պետք է այլ տարբերակներ գտնեին, բայց դե չկա նման բան։
Իսկ եթե ի վիճակի չեն պետականություն պահելու, թող գնան, 30 տարի շարունակ մենք զոհեր ենք տվել, ընտանիքներ են քանդվել, խեղաթյուրվել, ու այսօր այդ ընտանիքներին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։ Զինհաշմանդամի հետ էի խոսում, բազմաթիվ խնդիրներ ունի, բայց որևէ մեկը չի օգնում, չեն պատասխանում այդ մարդու գրություններին։
Ինքս Արմենակից հետո գնացել եմ զինվորական ստորաբաժանում և այնտեղ աշխատում եմ, ինքս պետք է անընդհատ զբաղված լինեմ»,- եզրափակեց Համեստ Ներսիսյանը։
Արցախի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանը նահատակվել է 2016 թվականի ապրիլին՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ մղված մարտում։