Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար. ԱՆ
Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:
2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)) մահացությունը կազմում է շուրջ 70%։
Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով (ծխախոտի օգտագործում, անառողջ սննդակարգ, կերակրի աղի չարաշահում, ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական թերակտիվություն և այլն)։
Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային հիպերտենզիայի, կաթվածների առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման և ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը:
Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը:
Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 -=”” :=”” p=””>
STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:
Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝ աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը:
Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: