«Էսօր ստիպում են, որ ծնողներս ցավը մեր սրտում հասնենք շտաբ, նախագահի ընդունարան». զոհվածի հայր

Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առջև այսօր հավաքվել են Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիներ, որոնք պատերազմում կորցրել են նաև հարազատներ:

Նրանք պահանջում են, որպեսզի Արցախի իշխանությունները լուծեն իրենց բնակարանով ապահովելու հարցը:

«Այստեղ այն մարդիկ են, որոնք տուն ու տեղ են կորցրել և դրա հետ մեկտեղ՝ ընտանիքի մի անդամին»,- լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակից՝ հադրութցի Վահիդ Սահակյանը:

Վահիդ Սահակյանն այս պատերազմում կորցրել է որդուն՝ 19-ամյա Ժորա Սահակյանին: Հադրութի նախկին բնակիչն այժմ վարձակալությամբ բնակվում է Հրազդանում:

«Սեպտեմբերի վերջին հանդիպել ենք նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, մեզ հուզող հարցերը բարձրացրել, խոստացել են, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեր հարցին լուծում կտրվի, այսինքն՝ որոշումը կլինի, որ բնակարանային պայմաններով ապահով են ՀՀ-ում:

Նորից նոյեմբեր ամսին, ոչ մի պատասխան չստանալով, խնդրել ենք հանդիպում կազմակերպել ԱՀ նախագահի հետ. ԱՀ ներկայացուցչությունում հանդիպել ենք:

Նա ասաց՝ մինչև դեկտեմբերի 20-ը ձեր հարցը վերջնական լուծում կստանա (20 միլիոն դրամի չափով փոխհատուցում է տրվելու սերտիֆիկատի ձևով, այդ գումարը պետք է հատկացներ ՀՀ կառավարությունը)»,- պատմեց Վահիդ Սահակյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ նախաձեռնող խումբը բաղկացած է հինգ անձից, և նրանք խոսում էին մոտավորապես 220 ընտանիքի անունից, որոնք կորցրել են ամեն ինչ, նաև ընտանիքի անդամներից մեկին:

«Դեկտեմբերին ԱՀ ներկայացուցչության միջոցով իմացել ենք, որ հունվարի կեսերին նորից որոշում կլինի. հունվարի կեսերին պատասխանում են, թե որոշումը փետրվարի 12-14-ը լինելու է: Այսօր մարտի 2-ն է: Փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում է հանել Արցախի որոշ շրջաններից տեղահանվածների համար, որը մեզ չի վերաբերում:

Այսօր անորոշությունն ուղղակի խեղդում է մեզ. եկել ենք՝ պարզենք՝ այս խաբեության վերջը ե՞րբ է տրվելու»,- եզրափակեց Վահիդ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս