Մահացե՞լ է իր «հայկական» նախաձեռնություններով թուրք հասարակությանը զարմացրած լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդը
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, 72-ամյա Մեհմեթ Ալի Բիրանդը ենթարկվել է լեղապարկի վիրահատության: Դրա ժամանակ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և բժիշկները հայտարարել են նրա ուղեղի մահանալու մասին: Ընդհանրապես թուրքական մամուլը հեղեղված է Բիրանդի մահվան մասին լուրերով: Սակայն նրա որդի Ումուր Բիրանդը հերքել է հոր մահվան մասին տեղեկատվությունը:
Բիրանդը տարիների ընթացքում աշխատել է թուրքական տարբեր թերթերում և դրանց համար գրել է քաղաքական հոդվածներ: Նա նաև վարել է Kanal D հեռուստաալիքի նորությունների բաժինը և հանդիսանում է քաղաքական ու հասարակական ուղղվածությամբ բազում գրքերի հեղինակ:
Հիշեցնենք, որ Բիրանդն իր հոդվածներում մեծ ուշադրություն է հատկացրել հայկական ու քրդական հարցերին և հանդես եկել թուրք հասարակության համար տարօրինակ նախաձեռնություններով: Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարել, որ 2015 թվականից (Հայոց ցեղասպանության 100-ամյակ) առաջ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները և Թուրքիայի քաղաքացիություն շնորհվի երկրում բնակվող 70.000 հայ ապօրինի ներգաղթյալների:
Բիրանդը գտնում է, որ դրանով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ից առաջ Թուրքիան չի հայտնվի ցայտնոտային իրավիճակում և հայացքը չի գամի ԱՄՆ-ում ցեղասպանության քննարկումների ու նախագահի ելույթի վրա: Բիրանդի կարծիքով՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հետ կանգնեց Ադրբեջանի պատճառով:
Ըստ Բիրանդի՝ Թուրքիան պարտվել է ցեղասպանության դեմ իր ժխտողական պայքարում, քանի որ 100 տարվա ընթացքում Թուրքիան նախ գլուխը թաղել է ավազի մեջ, չի քննարկել այդ հարցը և անգամ իր հասարակությանը պահել է տվյալ խնդրի շուրջ անիրազեկության մեջ և այդ ողջ տարիներին չի կարողացել միջազգային հանրությանն ապացուցել, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։ Նա իր հայրենակիցներին կոչ էր անում գոնե մեկ իրենց պահել ոչ թե որպես թուրքեր, այլ՝ որպես եվրոպացիներ:
Հրանտ Դինքի սպանության հետ կապված՝ Մեհմեթ Ալի Բիրանդը գրել է, որ Հրանտ Դինքն սպանվել է թուրքական պետության անտեսման հետևանքով, ինչի համար պատասխանատու բոլոր չինովնիկները ոչ միայն չենթարկվեցին համապատասխան պատասխանատվության, այլև՝ պարգևատրվեցին:
Բիրանդի կարծիքով՝ Դինքի սպանության հարցում առաջին հերթին մեղավոր են Թուրքիայի ուժային կառույցները, քանի որ թե՛ ոստիկանությունը, թե՛ ժանդարմերիան, թե՛ գաղտնի ծառայության աշխատակիցները հստակ տեղյակ են եղել պատրաստվող սպանությունից, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Դինքի սպանության կանխման համար: