«Երբ Արման Թաթոյանը կարևոր խնդիրների շուրջ հրապարակումներով, հաշվետվություններով և մտահոգություններով էր կիսվում,որտե՞ղ էր Հանրային հեռուստաընկերության լրատվականը». Աստղիկ Ավետիսյան
Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ կարդացի Հանրային հեռուստաընկերության մի հրապարակում, որտեղ կառավարության մի պաշտոնյա մեղադրել էր Արման Թաթոյանին, թե վերջինս յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին։ Այս թեման, որը շատ երրորդական թեմա է, Հանրայինը դարձրել է լուրջ քննարկման թեմա, բայց երբ ՄԻՊ Արման Թաթոյանը կարևոր խնդիրների շուրջ հրապարակումներով, հաշվետվություններով և մտահոգություններով էր կիսվում, «ձայն բարբառո հանապատի» … որտե՞ղ էր Հանրային հեռուստաընկերության լրատվականը, ինչո՞վ էր զբաղված և ու՞մ շահն էր պաշտպանում։
Անվտանգային բազմաթիվ հարցեր չեն քննարկվում, բայց այս հարցը լուրջ քննարկման թեմա է։ Ի տարբերություն մյուս պաշտոնների՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը անձնավորված է և սոցիալական հարթակներում իրականացված գործունեությունը հաճախ հարկ է լինում սկսել նոր ելակետից։ «Մարդու իրավունքների պաշտպան/Արման Թաթոյան» էջի վերտառությունը հարցի հստակ լուծում էր։
Նոր ՄԻՊ-ի աշխատակազմը կարող էր ստեղծել այլ ռազմավարությամբ այլ էջ և նշել վերջինիս տվյալները։
Ի վերջո, հասարակության վստահությանն արժանացած Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանն էր և այդ լսարանն անձնավորված հետևում էր նրան։ Բայց, քանի որ կենցաղային խոսակցությունները կառավարությունում և Հանրայինում ավելի են կարևորվում, այն դառնում է օրվա թեմա։ Ի վերջո, յուրաքանչյուր աշխատավայրում մեկ ամիս տևում է ընդունման-հանձնման գործընթացը, մեկ ամիս հետո, եթե ներքին հաղորդակցությամբ համաձայնության չգային, կարելի էր քննարկման դնել։ Համոզված եմ, կառավարության աշխատակցի այս քայլից հետո, շատերը, ովքեր հետևում էին այս էջին, ուղղակի կսկսեն չհետևել, որովհետև նման վարքագիծն ընկալելի չէ։
Կառավարության աշխատակիցը կարող է նաև ճշտել, թե ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից ազատվելուց հետո ինչպե՞ս է վարվել և ի՞նչ ճակատագրի է արժանացել ՄԻՊ էջը։
Քանի որ Արման Թաթոյանի շնորհիվ սոցիալական հարթակն ունի 57 000 հետևորդ, բնականաբար, պետք էր անհապաղ ունենալ այս լսարանին, ո՞վ չի սիրում տարիներով գրագետ արված գործը վայելել»։