«Թշնամին խրամորթցիներին ուղղված խոսքը հայերենով «զապիս» է արել, դրել է բարձրախոսի մոտ ու երբ ուզում՝ միացնում է». Խնապատցի

Թշնամին երեկվանից ահաբեկում է Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչներին՝ բարձրախոսով նրանց կոչ է անում լքել գյուղը, քանի որ, ըստ նրանց՝ այն պատկանում է Ադրբեջանին։

168.amի հետ զրույցում Խնապատ գյուղի բնակիչ Կարեն Մելքումյանը, ով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում Խրամորթ գյուղում, ասաց, որ այդ իրավիճակն իրենց համար սովորական բնույթ է կրում։

«Ճիշտ է, ես ապրում եմ Խնապատում, բայց Խրամորթը մեզանից 4-5 կմ հեռավորության վրա է, այնտեղ գնում՝ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ եմ կատարում։ Դե, մեր գյուղում էլ վիճակն այնպիսին է, ինչպիսին ամբողջ Արցախում է։ Ինչ ուզում է, թող թուրքը խոսի, ուզում է՝ հազար անգամ մի բան ասի, դրանից բան չի փոխվում, իրենք ամբողջ իրենց կյանքը խոսելուց են եղել։ Հիմա ինչ ասեն՝ մենք պետք է անե՞նք, իհարկե՝ ո՛չ։ Դե, հիմա թշնամին ասում է՝ լքեք Խրամորթը, հետո որ բնակիչները դուրս գան, հերթը կհասնի մեր գյուղին, բայց դե բնակչությունը դուրս չի գալու այստեղից»,- նշեց Կարեն Մելքումյանը։

Ըստ Կարեն Մելքումյանի՝ տեղի բնակչությունը չի վախենում, եթե վախենար, ապա 44-օրյա պատերազմից հետո չէր վերադառնա գյուղ և այնտեղ չէր ապրի։

«Թշնամին խրամորթցիներին ուղղված խոսքը հայերենով «զապիս» է արել, դրել է բարձրախոսի մոտ ու երբ ուզում՝ միացնում է։ Կրկնում եմ՝ մենք շարունակելու ենք ապրել այստեղ, մենք գնալու այլ տեղ չունենք, վախենալու բան չունենք»,- եզրափակեց խնապատցին։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին թշնամին Խրամորթ գյուղի վարչական տարածքում կրակել էր Խնապատ գյուղի բնակիչ Կարեն Մելքումյանի ուղղությամբ, նա տրակտորով հերկ կատարելիս էր եղել, կրակոցներից վնասվել էր նրա տրակտորի հետևի անվադողը:

Տեսանյութեր

Լրահոս