Հայաստանը կապիտուլյացվում է. Փաշինյանի ձեռքով, Արցախի հաշվին Թուրքիան վավերացնում է իր երազանքը. Գալստյան

Արցախի Ազգային ժողովը փետրվարի 16-ին միաձայն՝ 31 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» նախագիծը, որի երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 17-ին։ Ըստ այդ նախագծի՝ 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները համարվում են Արցախի Հանրապետության անբաժան մասը, ու դրանց վրա տարածվում է Արցախի Սահմանադրությունն ու այդ Սահմանադրությամբ սահմանված իրավական հատուկ՝ ռազմական ռեժիմ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ողջունելով Արցախի խորհրդարանականների միակամությունը նախագծի վերաբերյալ, նշեց՝ սպասելի էր, որ Հայաստանի իշխանության կողմից որևէ արձագանք չէր լինի այս նախագծի վերաբերյալ։

«Չկա, որովհետև նրանք ուրացել են Արցախը։ Ինչ է՝ պատահակա՞ն է, որ նրանց խոսույթում Արցախի Հանրապետություն ձևակերպումն այլևս չկա. չէ՞ որ վերջին քառօրյայի ժամանակ էլ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեցինք Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ու ճակատագրի մասին, խուսափեց ուղիղ պատասխանից և ասաց՝ Կառավարության ծրագրում գրված է՝ կարդացեք։ Այն բացառիկ հարմոնիան, որում գործում են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, բացառում են ՀՀ իշխանության կողմից Արցախի բռնազավթված տարածքների վերաբերյալ որևէ արձագանք»,- ասաց Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնության և Փաշինյանի գլխավորած Կառավարության վարքագիծը մեկն է։

«Դա Արցախից հրաժարվելու վարքագիծ է. կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Հայաստանում չնշվեց բանակի օրը։ Այս իշխանությունը սեփական իշխանությունը պահելու համար կարող է ոտնատակ տալ ազգային ու պետական շահը, իսկ իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը Արցախի և հայ ժողովրդի շահերի ուրացում է ու Հայաստանի քաղաքական ապագայի մթագնում»,- նկատեց Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց՝ իշխանությունն ինչպես որ լռություն է պահպանում Արցախի տարածքները Ադրբեջանի կողմից բռնազավթած համարելու հարցում, նմանապես համրություն է ցուցաբերում նաև Շուշիի հռչակագրի վերաբերյալ։

«Բայց քաղաքականապես որքա՞ն տգետ պետք է լինել Շուշիի հռչակագրով մեզ ուղղված սպառնալիքներն ու նախապայմանները չտեսնելու համար։ Որքան էլ «Քաղաքացիական պայմանագիրն» իր ընտրազանգվածին ներշնչում է, թե մեզ հետ նախապայմաններով չեն խոսում, բայց բավական է կարդալ այդ հռչակագիրը ու տեսնել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքով և Արցախի հաշվին Թուրքիան վավերացնում է իր դարավոր երազանքը՝ մեկ ազգ, երկու պետության կոնցեպտով և ռազմաքաղաքական միությամբ։ Այդ միությամբ Ադրբեջանն ու Թուրքիան պարտադրելու են Հայաստանին ստորագրելու Հայաստանի կապիտուլյացիան՝ ստորագրելով խաղաղության պայմանագրի հիմքերից մեկը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախն այդ պետության կազմում։ Արցախը կապիտուլյացնելուց հետո գալիս է երկրորդ արարը՝ Հայաստանի կապիտուլյացիան»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ շարւնակելով՝ որքան քաղաքականապես տհաս պետք է լինի նաև Հայաստանի իշխանությունը, որպեսզի չհասկանա, որ Շուշիի հռչակագրով Սյունիքի միջանցքի հարցն Ադրբեջանն ու Թուրքիան լուծում են իրենց նախընտրելի ձևով՝ այդ տարբերակով փակելով նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող և այս տարածաշրջանում մեր բարեկամ Իրանի հետ մեր շփման դարպասը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ, որը կգումարվի փետվարի 23-ին. նիստի օրակարգում է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման հարցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս