«Կա՛մ եկեք, տղամարդավարի ընդունեք, որ դուք էդ բոլորով այս պարզ իրավաբանությունը չգիտեիք, կա՛մ ասեք՝ գիտեիք, բայց դիտավորյալ կալանքի տակ էիք պահում». Երեմ Սարգսյան

Լավ կլիներ, որ դատախազությունն իր ներկայացուցիչն ունենար դատարանում, երբ քննվում էր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը, որովհետև այնտեղ բազմաթիվ կարևոր հարցեր կային, որ ես կուզեի՝ առնվազն լսեին, չնայած չէին պատասխանելու, բայց գոնե լսեին, որ հրապարակային արտահայտություններ անելիս ավելի զգույշ լինեին: Այս մասին 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի առնչությամբ երեկ կատարած հայտարարություններին:

«Այն, ինչ տեղի էր ունենում միջնորդության քննության փուլում, ցավոք, հրապարակային չէր, այլապես հասարակությունը կտեսներ՝ ինչ է այնտեղ կատարվում, ի՞նչ է ասում մեղադրանքի կողմը, ի՞նչ է ասում պաշտպանական կողմը, ի՞նչ հարցեր է տալիս դատավորն ու ի՞նչ պատասխաններ ստանում»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Վերջինս նշեց՝ դատախազությունը պարտավոր էր բողոքարկել Բախշիյանի կայացրած դատական ակտը, եթե դրա հետ համաձայն չէր, ինչը չի արել:

«2021թ. դեկտեմբերի 3-ին որոշումը կայացվել է, իրենք ասում են՝ դե, մենք չենք բողոքարկել, որովհետև ամբաստանյալի պաշտպանն է բողոքարկել, իսկ մենք էլ կգնայինք, մեր դիրքորոշումը կհայտնեինք: Ուրեմն հիշեցնեմ, որ «Դատախազության մասին» օրենքը շատ ուղիղ նշում է, որ գործին մասնակցող դատախազը, եթե համաձայն չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ, եթե իր կարծիքով՝ այն անհիմն է կամ ակնհայտ ապօրինի, պարտավոր է բողոքարկել: Այսինքն՝ սա ուղիղ պարտավորություն է»,- ասաց պաշտպանը:

Վերջինս հարց է բարձրացնում՝ իսկ որտեղի՞ց դատախազությունը գիտեր, որ կողմը բողոքարկել է:

«Եթե կապեր ունեիք պաշտպանի հետ, դա առանձին քննարկման հարց է: Մենք նման խորը կասկածներ ունենք: Բայց եթե անգամ գիտեիք, ի՞նչ գիտեիք՝ ինչ բովանդակությամբ էր բողոքը լինելու, իսկ վերաքննիչ բողոքը քննվում է դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Պաշտպանն իր տեսանկյունն էր գրել, բա դուք ձեր տեսանկյունը չներկայացնեի՞ք: Սա փաստ է, որ իրենք շրջանցում են»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ իրենք այդ պահի դրությամբ գտել են, որ Բախշիյանի կայացրած ակտը ապօրինի չէ, իսկ հետո, երբ Աշոտ Մինասյանի գործը եղավ, դա 2 ամիս անց դարձրին հիմք, դիմեցին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որոնք էլ աչքերը փակ դակեցին այն:

«Հակափաստարկները բազմաթիվ են: Երբ պարոն Բաղդասարյանն ասում է՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել, մենք էլ ասում ենք այն, ինչ դատարանում դատավոր Դավիթ Արղամանյանին ենք ասել, որ դատավորը, քննիչը, դատախազն այն սուբյեկտները չեն, որ կարող են այս ակտի օրինականության հարցը նույնիսկ քննարկման առարկա դարձնեն, հայտարարություն անեն դրա ապօրինության վերաբերյալ, որովհետև դա ՀՀ-ում օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ Դավիթ Արղամանյանը, հասկանալով, որ շրջանցելու տեղ չունի, իր որոշման մեջ գրել էր՝ դատարանը չի էլ վիճարկում Բախշիյանի կայացրած ակտի օրինականությունը:

Վերջինս տարակուսում է՝ եթե չի վիճարկվում դատական ակտի օրինականությունը, կալանավորման հիմքերի ու պայմանների խախտում չկա, ի՞նչն է այդ դեպքում անօրինական:

«Ինչ գործողություն Բախշիյանն արել է, հատ առ հատ տեղավորվում է «Քրեական դատավարության» օրենսգրքի սահմաններում»,- ասաց պաշտպանը՝ հերթով բազմաթիվ օրինակներով ներկայացնելով իր փաստարկներն ու փաստերը:

Երեմ Սարգսյանը շեշտում է՝ ամբաստանյալի պարտավորությունն է՝ ներկայանալ դատական նիստին:

«Օրենքով պարտադիր է, և ինքը պետք է ներկայանա դատական նիստին, և դատարանը կորոշի՝ առանց պաշտպանի կհետաձգի՞ դատական նիստը, թե՞ ոչ: Դա դատարանի խնդիրն է»,- ասաց պաշտպանը:

Երեմ Սարգսյանը դատախազության կոլեգիայի նիստի արձանագրությունից դրվագ ընթերցեց, որում քննարկվել էր խափանման միջոցների հարցը: Այդ նիստին մասնակցել են գլխավոր դատախազը, կոլեգիայի բոլոր անդամները, նույն Գևորգ Բաղդասարյանը: Ըստ կոլեգիայի որոշման՝ եթե խափանման միջոցի պայմանների խախտման հարց է առաջանում, դատախազը պետք է ցուցում տա քննիչին՝ անհապաղ քննարկել խափանման միջոցը փոփոխելու հարցը:

«Դուք եք՝ ձեր կոլեգիայով, պարոն Բաղդասարյանն էլ՝ հետը, որոշել, որ մի անգամ էլ պայման փոխվի, քննարկել խափանման միջոցի փոփոխության հարցը: Հիմա ի՞նչ եք Բորիս Բախշիյանի պարագայում երկակի ստանդարտներ կիրառում: Բա ի՞նչ պետք է աներ… Իսկ եթե չփոխեր, ու հանկարծ ամբաստանյալը թաքնվեր, դրանից հետո չէի՞ն ասելու՝ անհապաղ փոխելու հնարավորություն կար, չես փոխել խափանման միջոցը»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ նշված դատական նիստին, երբ Բորիս Բախշիյանը կալանավորել է ամբաստանյալին, գործով դատախազն ասել է՝ գտնում է, որ ամբաստանյալն անհարգելի չի ներկայացել նիստին:

«Դատարանը, օգտվելով իր լիազորությունից, որոշել է, որ պետք է կիրառվի կալանավորում խափանման միջոցը: Գուցե դատավորի՝ օրենքի սահմաններում կայացրած որոշումը որոշ անձանց համար օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ցանկալի չէ, բայց հարցն այստեղ այլ է՝ օրենքով սահմանված կարգո՞վ է արել, այո, որևէ դատավարական խախտում թո՞ւյլ է տվել, ոչ… Բա ի՞նչն է ապօրինի»,- տարակուսեց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ ամբաստանյալը հաջորդ նիստին ներկայացել է, ինքը ոչ թե փոխել է ցուցմունքները, այլ հրաժարվել է ցուցմունք տալ, ինչի իրավունքն ունի, սակայն դատարանում պնդել է իր նախաքննական ցուցմունքները, որոնք Մանվել Փարամազյանի դեմ են եղել:

«Բացի դրանից, մինչև ներկայանալը ամբաստանյալը դիմում է հասցեագրած եղել դատախազին, որ՝ «պաշտպանս է ինձ ասել՝ չգնաս դատական նիստին, խնդիր չի լինի, որ չգնաս, ու ես դրա համար չեմ եկել, խնդրում եմ կարգապահական պատասխանատվության հարց քննարկել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դատարանը ոչ թե ցուցմունք տալուց հրաժարվելու համար է համակցված խափանման միջոց ընտրել, այլ՝ քանի որ հակասություններ է տեսել ամբաստանյալի ու վերջինիս պաշտպանի հայտարարությունների մեջ, ու որոշում է կայացրել հօգուտ ամբաստանյալի:

«Երբ ասում են՝ ունենք անհերքելի փաստեր, որ քրեակատարողական հիմնարկում ամբաստանյալին ճնշել են… Սուտ է: Եթե Գևորգ Բաղդասարյանը պնդում է, որ ԲԴԽ-ին ներկայացված նյութերում կան անվիճելի փաստարկներ, որ ՔԿՀ-ում ճնշում է եղել, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Եթե ունեն ու ԲԴԽ-ին և դատարան դրանք չեն ներկայացրել, հարցի մեկ այլ կողմն է»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը նշում է՝ իսկ եթե իրենց օպերատիվ-հետախուզական միջոցառումների ներքո են տեղի ունեցել այդ ճնշումները, բա ինչո՞ւ չեն կանխել դրանք:

«Բա ինչո՞ւ չէիք կանխում և նախականխում, որովհետև տեսնում էիք՝ այդտեղ հանցագործություն չկա, իսկ եթե կա, չեք կանխել, դա քրեորեն հետապնդելի արարք է»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Երեմ Սարգսյանը հիշեցրեց՝ երբ կալանավորված էին Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորները, բոլոր ատյաններում բողոքարկել են այդ որոշումը, ասել, որ հիմքեր չկան կալանավորելու, ինչո՞ւ այդ դեպքում հետևանք չեղավ:

«Կա՛մ եկեք, տղամարդավարի ընդունեք, որ դուք էդ բոլորով՝ քննչական, դատախազություն, էդ բոլոր դատարանները, այս պարզ իրավաբանությունը չգիտեիք, կա՛մ ասեք՝ գիտեիք, բայց դիտավորյալ կալանքի տակ էիք պահում: Դե, այս երկուսից մեկը ընդունեք»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս