Այնպես չէ, որ Ադրբեջանին արած մեր առաջարկները 100 տոկոսով կոմֆորտ են Հայաստանի համար. Փաշինյանը՝ հայելային հետքաշման մասին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանում իր քաղաքական թիմի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է «իրենից ներկայացնում հայելային հետքաշման գաղափարը, և ինչ զարգացումներ կան այս ուղղությամբ»:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝ նախ հիշեցրեց, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ գրավոր հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության, կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի դելիմիտացիայի, դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում:
«Մենք այս առումով քանի որ շահագրգռված ենք և, բնականաբար, պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, մենք առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ Զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն,- նշեց գործադիրի ղեկավարը, ապա բացատրեց, թե ինչ է նշանակում հայելային հետքաշումը,- Նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում՝ նաև հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիտորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»:
Ըստ Ն. Փաշինյանի՝ հաջորդ ֆունդամենտալ հարցը, որ ծագում է, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանի վերաբերյալ է՝ արդյո՞ք կա պետական սահման: Պարզվեց, որ այդ հարցի պատասխանը վարչապետը ևս ունի. «Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է. Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են»:
«Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ՝ ընդ որում, մենք պատրաստ ենք լսել նաև այլ առաջարկներ, պատկերացումներ: Եվ մեր խնդիրն էլ նա է, որ և՛ միջազգային հանրությունը, և՛ հայ հանրությունը տեղեկանա, թե ինչի մասին է խոսքը, որովհետև այս թեմայով, ցավոք սրտի, կան բազմակի, բազմաթիվ անհիմն շահարկումներ՝ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու, և այլն: Չկա այդպիսի բան. բնականաբար, առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված:
Բայց պետք է նաև խոստովանել մի բան՝ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ լիարժեք, հարյուր տոկոսով համապատասխանում է, կամ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար, և կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար: Կա սահմանային գիծ, և մենք կարծում ենք՝ այդ սահմանային գծով պետք է հետքաշում տեղի ունենա՝ ընդ որում, արձանագրելով, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: