Ինչո՞ւ է լռում դեսպան Վիկտորինը

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը ՀՀ դատական ոլորտում խնդիր, դատարանների նկատմամբ ճնշումներ չի նկատում, ավելին, նրա որակմամբ՝ դատական բարեփոխումների հարցում ՀՀ իշխանություններն իբրև թե հստակ կամք են ցուցաբերել:

Իր վերջին հարցազրույցներից մեկում դեսպան Վիկտորինն ասել է, որ Հայաստանն անցած մեկուկես տարիների ընթացքում դժվար ժամանակներ է ապրել, և չնայած որոշ մարդկանց իր ասածը կարող է դուր չգալ, բայց դա Եվրամիության պատվիրակությունը չի ասում, այլ եվրոպական ինստիտուտներն են փաստում։

«Կար տպավորություն, որը հիմնավորվեց մանրակրկիտ ստուգման արդյունքում, տեսանք, որ կար հստակ կամք, ուստի անգամ ամենաբարդ իրավիճակում, հետպատերազմյան շրջանում մենք, այդուհանդերձ, բյուջետային աջակցություն տրամադրեցինք դատական ոլորտի բարեփոխումների համար։ Կարծում եմ՝ բնականորեն ինչ-որ բաներ դանդաղել են, բայց մենք պետք է շարունակենք, հետ չկանգնենք, պետք է իսկապես շատ ուշադիր լինենք, կարողանանք տեսնել, որ դատական համակարգն իսկապես մնում է անկախ, և չկան ճնշումներ։ Մենք հետևում ենք իրավիճակին, և եթե տեսնենք խնդիրներ՝ անմիջապես կբարձրաձայնենք իշխանություններին»,- նման տեսակետ է հայտնել Վիկտորինը՝ ակնարկելով, որ խնդիրներ չկան Հայաստանի դատական ոլորտում:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ԵՄ դեսպանը մինչ իր գնահատականները կանխատեսում է, որ դրանք ընդունելի կարող են չլինել Հայաստանում, սակայն շարունակում է նշել՝ ՀՀ իշխանությունների իբրև թե կամքն իրականացնել՝ բարեփոխումներ և դատական բարեփոխումներ այն դեպքում, երբ այս իշխանության օրոք դատական իշխանության նկատմամբ ամենաաննախադեպ ոտնձգություններն են տեղի ունեցել, դատավորների հասցեին ամենավիրավորական որակումներն ու մեղադրանքներն են հնչել:

Թերևս, հնարավոր չէ մոռանալ ու անտեսել «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը:

Պետք է նշել, որ նման դրական որակումներ առնվազն տարօրինակ է լսել՝ հատկապես Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի շուրթերից, որն այս ոլորտի դեմ ոտնձգությունների մասին առաջինը բարձրաձայնողը պետք է լիներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Եվրոպան իրեն համարում է ազատության և ժողովրդավարության հիմնական արժեքների ջատագով:

Սակայն ԵՄ-ն, ինչպես երևում է, երկակի չափանիշներ է կիրառում Հայաստանի դեպքում:

Այն դեպքում, երբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար Պյոտր Սվիտալսկին ՀՀ նախկին իշխանությունների առջև բարձրաձայնում էր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի գործերը, մասնակցում էր դատական նիստերին, հարցազրույցներով անդրադառնում խնդիրներին, այսօր ԵՄ-ն փաստորեն ՀՀ-ում խնդիրների փոխարեն՝ բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք է տեսնում:

ԵՄ-ն չի նկատել մի շարք կարևոր դրվագներ և դրանց չի արձագանքել որևէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ.

  • 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի շրջափակում, որպեսզի պատգամավորները չկարողանան քվեարկել, այսինքն՝ ուղիղ միջամտություն պատգամավորների ազատ կամարտահայտման վրա,
  • Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շրջանառության մեջ դրվեց «պատերի տակ վնգստացող դատավորներ» ամոթալի որակումը,
  • 2019թ. մայիս՝ դատարանների շրջափակում Նիկոլ Փաշինյանի կոչով,
  • Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման փաստը, երբ դատավորը կալանավորվում է իր կայացրած ակտի համար:
  • Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի վերացումը. շուրջ մեկ տարի է, ձեռքով, դատարանների նախագահների կողմից են գործերը մակագրվում այս կամ այն դատավորին, ինչը ՄԻԵԴ-ում արդար դատաքննության իրավունքի խախտման հարցերով վիճարկման խնդիր է դառնալու:
  • Վերջերս Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողներին անվանեց վերբալ մարմնավաճառ:

Նման դրվագները, որոնց ԵՄ պատվիրակությունը պետք է անդրադառնար, ՀՀ ներկայիս իշխանությունների դեպքում չափազանց շատ են՝ ինչպես մամուլի ներկայացուցիչների, այսինքն՝ խոսքի ազատության, դատական իշխանության դեմ, այնպես էլ՝ մի շարք այլ ոլորտներում:

Իսկ թե ինչո՞ւ է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն աչք փակում ՀՀ-ում արատավոր բարքերի, սպառնալիքների, դատական ոլորտում խորացող ճնշումների նկատմամբ, միայն կարելի է ենթադրել:

Տեսանյութեր

Լրահոս