Բաժիններ՝

Սիրե՛ք և փայփայե՛ք Երևանը այնպես, ինչպես չի կարողացել և չի կարողանում դեռևս անել Առողջապահության նախարարությունը. Անի Խաչատրյանը՝  փոխքաղաքապետին

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը 51 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:

«Հաշվի առնելով իր անցած ճանապարհը՝ պարոն Սիմոնյանը կոորդինացնելու է առողջապահության և սպորտի ոլորտները»,- իր խոսքում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը խոսքն ուղղելով Գևորգ Սիմոնյանին՝ ասաց, որ մեծ խնդրանք ունի.

«Անցյալում, փակ դռների հետևում թողեք ու ոչ մի դեպքում «տելեպորտ» չանեք ձեր նախկին աշխատատեղի ժանտախտային աշխատաոճը: Սիրեք և փայփայեք Երևանը այնպես, ինչպես չի կարողացել և չի կարողանում դեռևս անել Առողջապահության նախարարությունը: Շնորհավորում եմ, որ պրծաք այսօրվա նախարարությունից: Երևանի քաղաքապետարանում շատ ավելի լավ կլինի»:

Գևորգ Սիմոնյանն արձագանքեց՝ ասելով. «Ձեր հայտարարություններն ընդունում եմ որպես քաղաքական հայտարարություն: Չեմ կիսում Ձեր գնահատականը՝ Առողջապահության նախարարության աշխատանքի մասին: Որպես ՀՀ քաղաքացի՝ շատ բարձր եմ գնահատում ԱՆ աշխատանքը՝ ներսից պատկերացնելով խնդիրների մասշտաբը ու եղած ռեսուրսները»:

Ավագանու անդամներից Թեհմինա Վարդանյանն էլ դժգոհություն հայտնեց, որ փոխքաղաքապետերը միայն իշխող ուժի ավագանու անդամների հետ են հանդիպել:

«Այսպես ճիշտ չէ: Հարկ համարեցիք հանդիպել «Իմ քայլը» խմբակցության հետ, որովհետև նրանք շատ էին և քվորում կարո՞ղ էին ապահովել: Մեր ձայների կարիքը չունե՞ք»,- հարցրեց նա:

ԲՀԿ-ից Միքայել Մանրիկյանն էլ նշեց, որ էթիկապես ոչ հաճելի է եղել սա:

Հիշեցնենք, որ տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց ու փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո, մյուս փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանն ու Սերգեյ Ներսեսյանն աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս