«Շատ է լինում, երբ ներկայացնում եմ խնդիրներ ու պահանջներ, որ պետք է հեռանան, ինձ ասում են՝ գիտե՞ք ինչ, դուք եք ընդունել, որ իրենց տարածքն է, ինչպե՞ս հեռանան»․ Արման Թաթոյան
«Մինչև այժմ էլ մեր քաղաքականությունն ընթանում է շատ սխալ ուղղությամբ՝ մարդու իրավունքներն անտեսող ուղղությամբ ու սխալ հայտարարություններով։ Դրանց հիմքում դրված չեն մարդու իրավունքների խախտումների փաստերը»,- այս մասին «Հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության զարգացումները» թեմայով ՄԻՊ զեկույցը ներկայացնելուց հետո նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ վտանգներ են սպառնում Սյունիքին և տեղի բնակչությանը, եթե տեղի ունենա հայելային հետքաշում։
Ըստ Արման Թաթոյանի, մեզանում ի սկզբանե այդ հայտարարությունները սխալ էին և լուրջ խնդիրներ են ստեղծել, մասնավորապես՝ խոսքն այն հայտարարությունների մասին է, թե իբր այդ տարածքներն իրենցն են, ոչինչ հնարավոր չէ անել, և այլն։
«Որոշ տեղերում լսում եմ, որ ասում են՝ դե, պաշտոնյաները սխալվել՝ արել են, բայց կներեք, դա ի՞նչ անելու բան է, երբ դրանով լեգիտիմացրել են ադրբեջանական իշխանությունների անօրինականությունները։ Շատ է լինում, երբ ներկայացնում եմ խնդիրներ ու պահանջներ, որ պետք է հեռանան, ինձ ասում են, որ՝ գիտե՞ք ինչ, դուք եք ընդունել, որ իրենց տարածքն է, ինչպե՞ս հեռանան։ Բայց երբ ներկայացնում եմ մարդու իրավունքների այս բոլոր խախտումները, խնդիրները, ակնհայտ է լինում, որ իրենց վերաբերմունքը փոխվում է»,- նշեց Արման Թաթոյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջոցները ամրագրված են միջազգային մակարդակով և պետք է օգտագործվեն ներքին մակարդակով։
«Ադրբեջանի զինված ծառայողները եկել են այնտեղ, առոք-փառոք իրենց համար նստել են, իսկ մեր ժողովուրդը տանջվում է, զրկված է իր օրինական իրավունքներից, ինչո՞ւ պետք է այդպես լինի։ Որևէ միջազգային կառույց ինձ կարո՞ղ է բացատրել, որ Շուռնուխում, որտեղ փողոցով, գյուղամիջով սահմանը կիսված է, հնարավո՞ր է այդ աստիճան միլիտարիզացված գոտում պաշտպանել երեխաների շահերը։ Այնտեղ երեք երկրի զինված ուժեր կան։ Օրինակ, Ներքին Հանդ գյուղում դպրոցն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու, ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարով մեր խնդիրները գնալով մեծանալու են, եթե արագ չգործենք՝ մեր այդ անիրատեսականությունը մեծանալու է։ Մենք պետք է արագ և թիրախային գործենք»,- շեշտեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում