Գերիները Բաքվում պահվում են առանց որևէ հիմքի՝ քաղաքական ու ռազմական դիվիդենտներ ձեռք բերելու համար. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ չկա որևէ հանդիպում, որտեղ չբարձրաձայնվի գերիների վերադարձի հարցը։

«Նրանք բոլորն այնտեղ պահվում են արհեստական, բացարձակ առանց որևէ հիմքի՝ քաղաքական ու ռազմական դիվիդենտներ ձեռք բերելու համար, սա շատ ակնհայտ է։ Կարևոր է նկատի ունենալ, որ մեր գերիներն այնտեղ գտնվում են իրավունքների խախտումների պայմաններում, նաև կյանքի սպառնալիքների ներքո։ Ակնհայտ է, որ այստեղ անգամ խոսքը գնում է մարդկանց առևտրի մասին՝ քաղաքական նպատակներով, որովհետև մենք շատ ենք տեսնում առանձին դեպքեր՝ վերադարձի հետ կապված, երբ քաղաքական հաշվարկներով մարդկանց են վերադարձնում։ Սա բացարձակ անթույլատրելի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- «Հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության զարգացումները» թեմայով ՄԻՊ զեկույցը ներկայացնելուց հետո նշեց Արման Թաթոյանը՝ անդրադառնալով գերիների հարցին։

Ինչ վերաբերում է պետության քայլերին, Արման Թաթոյանն ասաց, որ մասնագիտական մակարդակում կապի մեջ են, աշխատանքներին տեղյակ են։ Իսկ քաղաքական մակարդակում չի կարող ասել։

«Այստեղ մեկ բան պետք է նկատենք, աշխարհին պետք է ցույց տանք՝ միջազգային հանրությանը, կառույցներին, որ իրականում մենք այստեղ գործ ունենք պատերազմական նոր հանցանքների հետ, որովհետև մեր գերիներին այսքան պահելը քաղաքական նպատակներով, ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն։ Այդ դատավարությունը, որն իրենք  անցկացնում են, ոչ այլ ինչ է, քան շղարշ, արդարացում արտաքին աշխարհին, թե ինչու են ձգձգում։ Անգամ խոչընդոտում են միջազգային կառույցներին՝ սկսած ՄԻԵԴ-ից, և մենք այստեղ, բացի Կարմիր խաչից, որևէ միջազգային արդյունավետ պաշտպանության միջոց տեղում չունենք»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս