«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Մինասյանը նշեց, որ Վետերանների հոսպիտալը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, մեկ վայրում կլուծվեն տղաների բոլոր խնդիրները:
«Այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց. թե՛ այն տղաներին, որոնք կույր են, թե՛ նրանց, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ»,- հավելեց Մինասյանը:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրենի խոսքով ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ 500 հազար դոլար: Առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։
«Վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները: Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը, քանի որ ոչ մի զինվոր բուժման կարիք ունենալու դեպքում չպետք է գլուխը ցավեցնի, թե ինչպես այդ խնդրին լուծում տա»,– եզրափակեց Հայկուհի Մինասյանը։