Արցախում էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին հունվարի 29-ին Արցախի գիտական կենտրոնում ներկա է գտնվել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախ Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:
Պետական նախարարը ծանոթացել է փոքրածավալ արտադրության կազմակերպմանը, որն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքն, արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:
Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունն՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը: