Նախագահի թեկնածուները չեն ազատվում աշխատանքային պարտականությունները կատարելուց
Հունվարի 15-ին, ժամը 15-ին հրավիրված նիստում ԿԸՀ-ն կսահմանի փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուներին Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը:
Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ի ժամը 24-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուները, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց: Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ առավելություն ստանալու համար:
Հանրապետության Նախագահի թեկնածուն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից: Արգելվում է նրան գործատուի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել:
Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, այն է մինչև փետրվարի 8-ի ժամը 18-ը, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:
Ինքնաբացարկի դեպքում ԿԸՀ-ն թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կատարած ֆինանսական ծախսերը: