2012 թվականը Աստղիկ Սաֆարյանի համար թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական ձեռքբերումների տարի էր

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այժմ գտնվում է Բարսելոնայում: Սովորելու և շրջագայելու հետ մեկտեղ` նա հասցնում է նաև երկրպագուներին ներկայացնել իր նոր երգերն ու տեսահոլովակները: 168.am-ը զրուցել է երգչուհու հետ:

– Աստղիկ, արդեն մի քանի տարի է` երգում և ստեղծագործում ես: Հայկական շոու-բիզնեսում քեզ ի՞նչը չի բավարարում, ինչ-որ խոչընդոտների հանդիպե՞լ ես:

– Ես, բնականաբար, աշխատանքային շատ խոչընդոտների միջով եմ անցել, քանի որ հայկական երգարվեստում ներկայացրել և ներկայացնում եմ մի երաժշտական ժանր (pop/rock), որում միակ ներկայացուցիչն եմ: Երբ մի ժանրում պիոներ ես լինում՝ բնական է, որ շատ խոչընդոտների ես հանդիպում, քանի որ այդ դեպքում սկսում ես մի նոր ճանապարհ հարթել: Դա շատ ավելի պատասխանատու և շատ ավելի դժվար է, քան արդեն իսկ հարթած ճանապարհով անցնելը:

– Կարծես թե հայկական երաժշտական մրցանակաբաշխություններին չես մասնակցում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Կարդացեք նաև

– Դա պայմանավորված է ցանկության բացակայությամբ: Իրականում ես ավելի շատ կարևորում եմ երգչի կամ երգչուհու կատարած աշխատանքը, քան ստացած մրցանակը:

– Իսկ երգի մրցույթներին ինչպե՞ս ես վերաբերվում, մասնակցո՞ւմ ես, թե՞ ոչ:

astgik2– Այժմ ես երգի մրցույթների չեմ մասնակցում, բայց շատ լավ եմ վերաբերվում, քանի որ ինքս հայկական երգարվեստ մուտք եմ գործել մրցույթի շնորհիվ և հանդիսատեսի ընտրությամբ: Կարծում եմ, որ ճիշտ ժյուրիի առկայության դեպքում նման մրցույթները շատ օգտակար են՝ մեր երգարվեստին նոր շունչ տալու և նոր տաղանդներով ապահովելու համար: Իսկ ոչ ճիշտ ընտրված ժյուրիներով մրցույթների դեպքում գոյանում են ևս մի քանի սովորական երգիչներ, որոնց ստեղծագործական կյանքը երկար չի տևում, կամ էլ երկար է տևում, բայց դա լինում է կիսաթերի վիճակում. սա ավելի վատ է: Երբեմն էլ լինում են միանգամայն հակառակ իրավիճակներ, երբ տեսնում ես, որ մրցույթներին մասնակցում են մեծ տաղանդով օժտված մասնակիցներ, ովքեր պրոֆեսիոնալ արտիստի պես են ներկայանում: Նայում ես նրանց և մտածում, որ լավ կլիներ իրենց դատող ժյուրիի աթոռներին հենց իրենք էլ նստած լինեին:

– Անձնական կյանքում 2013 թվականին փոփոխություններ կլինե՞ն:

– Տեսնենք… (ժպտում է.- Գ. Ա.):

– Ապագա ընտրյալդ ինչպիսի՞ն պետք է լինի:

– Նա պետք է լինի լավ, ճիշտ մարդ և իսկական տղամարդ:

 – Եթե ամփոփելու լինենք 2012 թվականը, ինչպիսի՞ տարի էր, ի՞նչ ձեռքբերումներ ունեցար:

astgik5

– Անձնական տեսանկյունից շատ մեծ ձեռքբերումներ ունեցա: Ուսումս շարունակեցի Եվրոպայում, միջազգային մասշտաբով ձեռք բերեցի շատ ընկերներ, ինչպես նաև նորովի ճանապարհեցի շատ-շատերին` թե՛ լավ, և թե՛ վատ տեսանկյունից, ինչը նույնպես ձեռքբերում եմ համարում: Աշխատանքի տեսանկյունից՝ չնայած գտնվում էի Հայաստանից դուրս, միևնույն է, շարունակում էի ժամանակ առ ժամանակ նորություններ ներկայացնել: Ունեցա շատ ձեռքբերումներ` նոր տեսահոլովակ Բարսելոնա քաղաքում, Իսպանիայում արված բազմաթիվ նոր պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր, որոնք արվել են ոչ հայ մասնագետների կողմից: 2012-ին ներկայացրեցի նոր երգեր և ստեղծագործեցի շատ նոր և գեղեցիկ երգեր՝ ինչպես ինձ համար, այնպես էլ նրանց, որոնց կողմից ստացա երգեր գրելու պատվերներ:

– Այս տարի երկրպագուներդ քեզանից ստեղծագործական ի՞նչ նորությունների կարող են սպասել:

– 2013 թվականին կլինեն աշխատանքային լավ նորություններ, նոր տեսահոլովակ, նոր երգ, և այլն: Ունեմ նաև այլ նպատակներ, որոնց մասին կխոսեմ այն ժամանակ, երբ իրականացնեմ:

astgik1

astgik4

astgik

 

Տեսանյութեր

Լրահոս