2017 թվականին միջին հայն ավելի լավ էր ապրում, քան ադրբեջանցին. Հրանտ Բագրատյան
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, պարադոքս է այն, որ հայերն անգամ եղեռնից ու դառը պարտությունից հետո կարծում են, թե թուրքերը կարող են թույլ տալ, որ Հայաստանը ծաղկի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրեց՝ Թուրքիայի նպատակը մեր զարգացումը կանխելն է:
«Էդ որ ինքն ասում է՝ 20-30 տարի թալանել են, էդ ընթացքում մենք զարգացել ենք: Մինչև Նիկոլի իշխանության գալը, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով՝ ապրուստով, հայերը չեն զիջել ոչ Ադրբեջանին, ոչ էլ Վրաստանին: 2017 թվականին մեր ապրուստով մենք հավասար էինք Ադրբեջանի և Վրաստանի հետ: Նկատի ունենալով, որ Ադրբեջանում հարստությունը շատ կենտրոնացված էր, միջին հայն ապրում էր ավելի լավ, քան ադրբեջանցին: Իսկ Ղարաբաղում ապրում էին 25 տոկոսով ավելի լավ, քան Ադրբեջանում. Ղարաբաղում 1 շնչին ընկնող բյուջեն 40 տոկոսով ավել էր, քան Ադրբեջանում»,- հիշեցրեց նախկին վարչապետը:
Նա ներկայացրեց առկա տնտեսական միտումները՝ արձանագրելով, որ Հայաստանը շարունակաբար ընկրկում է.
«Անցյալ տարի ՀՀ տնտեսությունը պակասեց 8 տոկոսով, Ադրբեջանի տնտեսությունը, պանդեմիայի հետևանքով, միայն 4 տոկոսով։ Այս տարի նույն պատմությունն է, այս տարի մենք դուրս կգանք 4-5 տոկոս տնտեսական աճի վրա, իսկ նրանք կունենան ավել: Այ հիմա իսկականից անընդհատ հետ ենք ընկնում ու անընդհատ գոռգոռում ենք՝ կոռուպցիա, թալան»:
Հրանտ Բագրատյանը հիշեցրեց նաև տարածվող մեկ այլ թեզի մասին, ըստ որի, տարբեր շրջանակներ հավատացնում են, թե Ղարաբաղը տվել են 1994 թվականին.
«Ասում են՝ 94 թվին Ղարաբաղը տվել են. 1994 թվականին ես վարչապետ եմ եղել, ստորագրվել է Բիշքեկը, 14.000 քառ․կմ մեզ հող են տվել, և այս անկլավներով, ոչ ղարաբաղյան հատվածով սահմանը ճանաչել են:
Այսինքն՝ հանցագործ ձևով Ղարաբաղը զիջելուց հետո, փորձում են ժողովրդին (իրենք են, որ ժողովրդին ժեխ են համարում) խաբել»: