Կարեն Բրուտյանի «էկոնոմ» որոշումը. ՊՆ վարչության պետերին պարգևավճար չի հասնում
2018-2021 թվականներին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ աշխատած Կարեն Բրուտյանը, ում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի օրոք նշանակեցին պաշտպանության փոխնախարար՝ ի պաշտոնե «կոմպետենտ» դարձնելով գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարմանը, որոշել է «խնայողությունների» գնալ պարգևավճարների հարցում: Այսինքն, ՊՆ ղեկավար կազմից պարգևավճար պիտի ստանան միայն պաշտպանության նախարարը, փոխնախարարները, բայց ոչ ՊՆ վարչության պետերը:
Բայց, ի տարբերություն ՊՆ ղեկավար կազմի, ԳՇ ղեկավար կազմի համար ամբողջությամբ պարգևավճար նախատեսվել և տրամադրվել է:
Ի դեպ, որոշ «բանակցություններից» հետո սահմանամերձ զորամասերին ևս որոշակի գումար փոխանցվել է, բայց «հասցեատերերի» ընտրությունը և տրամադրվելիք գումարի չափը որոշելը թողնվել է հրամանատարների հայեցողությանը կամ բարեհաճությանը:
Հետաքրքիր է՝ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով մեկ ամիս առաջ գովաբանում էր Կարեն Բրուտյանին, որն ասել էր՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը», ուստի բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել, պարգևավճարների հարցում Բրուտյանի «էկոնոմ» որոշումների հետ համաձա՞յն է:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով պատեհ առիթի դեպքում գլուխ է գովում, թե իրենց ժամանակ զինծառայողների աշխատավարձերը զգալի չափով բարձրացրել են:
Իսկ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրած և 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո բարձր պաշտոն զբաղեցնող Կարեն Բրուտյանի մյուս «հերոսություններին» ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր: