«2021 թվականին աշխարհում դարձանք առաջին ժողովուրդը, որն ընտրեց Հուդային՝ իրեն դավաճանած մարդուն». Արմեն Աշոտյան
«Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկման ժամանակ ամփոփելով 2021 թվականը, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ցավով արձանագրեց, որ այն ՀՀ նորագույն պատմության մեջ ամենաամոթալի տարին էր։
«2020 թվականն այդքան ամոթալի չէր, անգամ իր նոյեմբերի 9-ով, իր պարտությամբ ու կապիտուլյացիայով, որովհետև պատմություն է՝ ժողովուրդները հաղթում են, պարտվում են, դասեր են քաղում, գնում են առաջ․․․ 2020 թվականը ես համարում էի ամենաարյունալի տարին, բայց 2021-ն ամենաամոթալի տարին է ինձ համար, քանի որ այս տարում է հունիսի 20-ը, այն է՝ պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարի վերարտադրության օրը։ Սա խարան է, ես չգիտեմ՝ մեր ժողովուրդն ինչ պետք է անի, որպեսզի կարողանա այդ խարանը մաքրել իր ճակատից։
Մեկ առիթով ասել եմ, որ եթե 301 թվականին մենք դարձանք քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, ապա 2021 թվականին աշխարհում դարձանք առաջին ժողովուրդը, որն ընտրեց Հուդային՝ իրեն դավաճանած մարդուն»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, այս էքսզիստենցիալ հսկայական անդունդը, որն առաջացել է հայ ժողովրդի պատմության փառահեղ և անփառունակ էջերի միջև, պարզապես չի կարող չցավեցնել քիչ թե շատ խիղճ ու բարոյականություն ունեցող մարդկանց։
Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ 2021 թվականը Հայաստանի նվազագույն ինքնիշխանության և առավելագույնն անբարոյականության տարին էր՝ վերջին 30 տարիների ընթացքում։
«Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, տարածաշրջանում, Հայաստանը երբեք չի եղել աշխարհի հզորների սեղանին պորտապար պարող քաղաքական դերակատար։ Այնինչ այսօր մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ, ով տալիս է բոլորին այն, ինչ նրանք ուզում են, սակայն փոխարենը ոչինչ չի կարող պոկել։ Մենք այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որ 2021 թվականին այդպես էլ չկարողացանք հետ բերել մեր բոլոր որդիներին գերությունից, չկարողացանք հողին հանձնել մեր բոլոր հերոսներին, չկարողացանք պատժել որդիներին սպանած դավաճանին»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում