Թիթեռի կյանքով ապրող Հայաստանը

Հայաստանի խնդիրների խորքային պատճառներից մեկն այն է, որ մեր հանրային-քաղաքական դիսկուրսը լցված է առավելապես իրավիճակային, մակերեսային հարցերով ու դրանց լուծումների փնտրտուքով։ Դա, իհարկե, ունի օբյեկտիվ հիմքեր, քանի որ, ցավոք, Հայաստանի առջև ծառացած են կենսական, անվտանգային ու գոյաբանական այնպիսի հիմնախնդիրներ, առանց որոնց լուծման պետությունը չի կարող երկարաժամկետ զարգացման հեռանկար ունենալ։

Բայց մյուս կողմից՝ դա չի արդարացնում պետության երկարաժամկետ զարգացման հայեցակարգի, պայմանականորեն ասած՝ տեսլականի բացակայությունը։ Մենք՝ որպես հասարակություն, իրականում չունենք տեսլական՝ ինչպիսի՞ պետություն ենք ցանկանում տեսնել Հայաստանը, օրինակ, 5, 10 կամ 50 տարի հետո։

Խոսքն իրական ու խորքային տեսլականի մասին է, ոչ թե քաղաքական կենացների ու նախընտրական հայտարարությունների, որոնց պակասը երբեք չի զգացվել։

Իսկ իրական տեսլականն այդպիսի զառանցանքներից տարբերվում է նրանով, որ այն պետք է սահմանի ոչ միայն ցանկալի նպատակներն ու վիճակները, այլ նաև դրանց հասնելու ռեսուրսները, գործողությունների ծրագիրը, քայլերի հաջորդականությունը։ Եվ ամենակարևորը՝ այդ տեսլականը պետք է լինի իրատեսական. զերծ՝ ինչպես միֆական մեծամտությունից, այնպես էլ՝ այսօր գերակայող ազգային նվաստացումից ու խեղճացումից։

Բայց այդպիսի տեսլական չկա ու չի նշմարվում, որ երբևէ կարող է լինել նման որակի պետական ու քաղաքական համակարգի առկայությամբ։

Հասկանալի է, որ նման ծրագիր չունի և չի կարող ունենալ իշխանությունը՝ գաղափարական ու ինտելեկտուալ սնանկության պատճառով ու նաև՝ որովհետև Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը ոչ թե վաղվա Հայաստանն է, ինչպես հռչակում է, այլ իր այսօրվա ու, լավագույն դեպքում, կարճաժամկետ հեռանկարի իշխանության պահպանումը։

Պրոբլեմն այն է, սակայն, որ այդ տեսլականը, անգամ դրա մոտավոր պատկերացումը չունեն նաև պետական ու հանրային կառավարման համակարգի մյուս սուբյեկտները, մասնագիտական ու ինտելեկտուալ էլիտաները, բոլոր նրանք, ովքեր կարող են մշակել պետության երկարաժամկետ զարգացման ռազմավարություն ու տեսլական։

Ի թիվս այլ պատճառների, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեր քաղաքական ու հանրային դիսկուրսն անթույլատրելիորեն ճղճիմ է ու իրավիճակային, ինչն էլ իր հերթին՝ գուցե պայմանավորված է մեր հավաքական մտածողության խիստ սահմանափակ դիապազոնով։

Մենք անհատապես ու հավաքականորեն երևույթներին ու գործընթացներին նայում ենք լավագույն դեպքում մեկ ամսվա կամ մեկ տարվա կտրվածքով՝ որպես կանոն հիմնականում անձնավորելով դրանք ու փնտրելով ոչ թե ինստիտուցիոնալ ու համակարգային լուծումներ, այլ փրկիչներ, որոնք, ինչպես հետո է պարզվում՝ դառնում են կործանողներ։

Փրկիչ-կործանիչները գալիս ու գնում են, բայց մենք՝ որպես հանրույթ, որպես պետություն, մնում ենք այդպես էլ առանց տեսլական ու ծրագիր՝ չիմանալով՝ որն է լինելու մեր տեղն ու դերը ոչ միայն ու ոչ այնքան՝ այսօրվա, այլև՝ վաղվա աշխարհում, որի փոփոխությունների որակն ու արագությունը, ցավոք, գրեթե չեն տեղավորվում մեր իրավիճակային ու մակերեսային մտահորիզոնում։

Մենք ապրում ենք օրվա, մեկ տարվա, լավագույն դեպքում՝ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակային միջակայքում՝ մեր այդպիսի վարքագծով ցույց տալով, որ ապագա չկա, չկա ապագա։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս