Միջգերատեսչական բախումը նոր թափ է ստանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ նորաստեղծ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ միջգերատեսչական բախումը նոր թափ է ստանում:
«Բանն այն է, որ անգամ դատախազներն են ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք հայտնել, թե նախաքննական մարմինը քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար քրեական գործերն այնպիսի վիճակում է ուղարկում դատարաններ, որ հետագայում որպես մեղադրողներ իրենք են դատարաններում կանգնում փաստի առջեւ, ուստի ցանկացած հնչեղ գործով, եթե տեսնեն մի բան այն չէ, քրեական գործը ետ են ուղարկելու:
Մեր ստացած տեղեկությունը երբ համադրեցինք իրականության հետ, ամեն ինչ առավել հստակ դարձավ: Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը հսկող դատախազը գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն իրավիճակն է եղել նաեւ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կաշառքի գործով, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործով:
Սակայն արձանագրենք` գործող պաշտոնյաների, մասնավորապես՝ Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով կարճվեց, իսկ նախկին չինովնիկների մասով քրեական գործերի համար ամեն ինչ անում են, որ դատական վախճան ապահովեն»: