Նիկոլ Փաշինյանի մեսիջը՝ ապրեք, տղերք, լավ եք արել, քիչ եք արել, ինչո՞ւ մենակ շանտաժ, ասֆալտին պիտի փռեիք

Քիչ առաջ կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:

Իր խոսքում Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ ձեզ: Թույլ տվեք, նախ, պարոն Սարգսյան, շնորհավորել Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով և շնորհակալություն հայտնել Երևանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը՝ ի դեմս խմբակցության ղեկավար պարոն Գալջյանի, խմբակցության քարտուղար պարոն Հովհաննիսյանի, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար»:

Հավելելով՝ վերջինս նշել է, որ այսօր ունեն ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև:

«Սա շատ կարևոր է: Իհարկե, շատ կարևորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետև այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարևոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչև օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին, և, իհարկե, այսուհետ ևս այդ աջակցությունը պիտի շարունակվի: Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաև լրացուցիչ քննարկենք և լուծումներ ստանանք: Այս առումով՝ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշնակությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թվում է, թե սովորական այս հաղորդագրությունն իրականում բավականին խոսուն ենթատեքստեր ունի, և գործընթացին հետևած ցանկացած քաղաքացի հեշտությամբ կարող է դրանք կարդալ:

Գաղտնիք չէ, որ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն առանց խութերի չի եղել, և իրենք՝ ավագանու անդամներն անգամ մինչև ավագանու արտահերթ նիստը ահազանգել էին, որ իրենց վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ստորագրեն Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ: Նշել էին անգամ, որ իրենց ստիպում են մանդատները վայր դնել: Ոմանք այդպես էլ արեցին. մանդատները վայր դրեցին մինչև ավագանու նիստը, իսկ գործընթացին դեմ արտահայտվող մյուսներն էլ դա արդեն այսօր են անում:

Երեկ նաև ավագանու իմքայլական անդամ Վահե Գևորգյանն իր ելույթում այդ մասին ասաց, անգամ շանտաժիստների կոնկրետ անուններ հնչեցրեց:

«Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել, կան վկայություններ, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Հարգելի երևանցիներ, այս ոչ լեգիտիմ պրոցեսի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը՝ ավագանու անդամների վրա տարբեր լծակներ կիրառելով: Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»,- ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ ավագանու երկու անդամներ՝ Լուսինե Մխոյանն ու Գրիգորի Երիցյանը, բարձրաձայնել են, որ «Իմ քայլը»-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանն իրենց շանտաժի են ենթարկել։

Իսկ այսօր, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նաև Արմեն Գալջյանին ու Լևոն Հովհաննիսյանին է  ընդունել իր մոտ, ինչը բոլորովին էլ պարտադիր ընթացակարգ չէ, ըստ էության՝ դրանով իսկ ցուց տալով, որ ավագանու անդամներին շանտաժի ենթարկելու հրահանգը կոնկրետ իրենից է եկել:

Ու հիմա նրանց կանչել էր իր մոտ՝ հրապարակային ասելու, որ տեր է նրանց արածին, և դատախազություն չէ, ով ուզում է՝ լինի, որևէ ընթացք չի տալու դիմումներին:

Բաց տեքստում ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը Արմեն Գալջյանի և Լևոն Հովհաննիսյանի գործողությունը համարել է «սկզբունքային դիրքորոշում», այսինքն՝ արձակել է նրանց ձեռքերը էլ ավելի այլանդակ դրսևորումներ հաղորդելու Երևանի քաղաքապետարանում նրանց «գործունեությանը»:

Այս հանդիպմամբ ու հրապարակված լուսանկարներով Նիկոլ Փաշինյանը նաև մյուսներին է մեսիջ հղել՝ ակնհայտորեն սպառնալով չշեղվել իր կամքից:

Ի դեպ, քաղաքապետարանի եռյակին ոգեշնչող հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին նստած նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ իր ձեռքի թզբեհով, լրիվ համապատասխանում էր այդ հանդիպման էությանն ու զրույցի բովանդակությանը:

Տեսանյութեր

Լրահոս