Կեղտոտությունը տարբեր տեսքեր է ունենում. Սոս Գիմիշյան

ՀԱԿ-ում երբևէ Նիկոլ Փաշինյանի հավանական թեկնածության մասին քննարկումներ չեն եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայական Ժամանակ» օրաթերթում Նիկոլ Փաշինյանն իր հրապարակման մեջ գրել է. «Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի գործունեությունը բազմաթիվ հարցեր է հարուցել, խոսակցությունների տեղիք է տվել։ Դրանցից մեկն այն է, թե իբր ես ինչ-որ ամբիցիաներ եմ խաղացնում կամ խաղացրել Հայ ազգային կոնգրեսում, պահանջել եմ, որ լինեմ Կոնգրեսի թեկնածուն նախագահական առաջիկա ընտրություններում։

Սա կատարյալ անհեթեթություն է, և հարկ է նկատել, որ Կոնգրեսի շրջանակներում իմ պահվածքը եղել է համեստ և որևէ կարգավիճակի համար երբեք կռիվ չեմ տվել, որևէ մեկից աջակցություն չեմ խնդրել, որևէ մեկին ակնարկ-նամյոկ չեմ արել, որևէ մեկին «վերբովկա» անելու փորձ չեմ ձեռնարկել»:

168.am-ին Սոս Գիմիշյանն ասաց, որ Ն. Փաշինյանի հնարավոր առաջադրման հարցը խոսակցությունների մակարդակում քննարկվել և շոշափվել է ՀԱԿ տարբեր գործիչների կողմից: «Համենայնդեպս, ես երբեք Փաշինյանից այս թեմայով որևէ բառ չեմ լսել: Նա երբևէ չի խոսել, որ ցանկանում է առաջադրվել կամ նման մի բան: Փաշինյանն իր ամբիցիաների մասին նույնիսկ մասնավոր զրույցներում, որքան գիտեմ, չի բարձրաձայնել»,- վստահեցրեց նա:

Կարդացեք նաև

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը կարծիք էր հայտնել, թե նման խոսակցություններ ՀԱԿ-ում տարածվել են «նոմենկլատուրայի՝ մասնավորապես ՀԱԿ համակագող Լևոն Զուրաբյանի կողմից»:

Սոս Գիմիշյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համամի՞տ է Պ. Մակեյանի հետ, ինչին ի պատասխան նա ասաց. «Անուններ տալ չեմ ուզում: Բայց որ նման գործելակերպ Կոնգրեսում մեկ-մեկ լինում էր՝ դա փաստ է: Չեմ կարող ասել, թե այս շշուկների տարածման իմաստը որն է: Կեղտոտությունը տարբեր տեսքեր է ունենում, ճշմարտությունը՝ մեկն է: Մտածել այս հարցի վերաբերյալ, կամ կռահել դրա նպատակները՝ այս պատճառով ես չեմ ուզում»:

Տեսանյութեր

Լրահոս