«Այդպես հոխորտացող ես, գնա՝ Ալիևի առջև հոխորտա». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նախկինների թողած բանակցային ժառանգությունը շատ հստակ է, ժողովրդի համար հասկանալի լեզվով ասեմ՝ 2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, Իլհամ Ալիևը բառացի ասել է՝ փակ դռների հետևում իմ վրա կա անասելի ճնշում՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մի նախադասության մեջ Իլհամ Ալիևը՝ Նիկոլի կիրթ և կառուցողական գործընկերը, տվել է Սերժ Սարգսյանի՝ բանակցային բովանդակության ժառանգությունը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ հիմարություն է պնդելը, թե նախորդ իշխանությունները զիջողական քաղաքականություն էին վարում. «Եթե Սերժ Սարգսյանը միակողմանի զիջումների գնացող էր, հողեր տվող էր, ինչպե՞ս է Իլհամ Ալիևը 2018թ. հուլիսի 10-ին հայտարարում, որ Ադրբեջանն ունեցել է լուրջ ներդրում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների՝ նույն ինքը թավշյա հեղափոխության և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործում: Եթե Սերժ Սարգսյանը Ալիևին ձեռնտու գործիչ էր, ինչո՞ւ էր Ալիևն ամեն ինչ անում, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չլինի իշխանության, և ինչո՞ւ էր Ալիևը Հայաստանում հեղափոխության փայատեր, և ինչո՞ւ էր տարիներ շարունակ գովաբանում Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ 3.5 տարի շարունակ Փաշինյանը որևէ թթու խոսք չի ասում Ալիևին: Փաշինյանն ԱԺ-ում իրեն դուխով տղամարդ էր պատկերացնում, աջուձախ գոռգոռում էր. Այդպես հոխորտացող ես, գնա՝ Ալիևի առջև հոխորտա»:

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ Փաշինյանի փոխարեն՝ երեք նախկին նախագահներից ով էլ լիներ իշխանության՝ Հայաստանը նման կործանարար իրավիճակում չէր լինի. «Նաև սրանով է պայմանավորված, որ երեք նախագահները, բավականին շատ պետական գործիչներ, դիվանագետներ, ԱԳ նախկին նախարարներ, անվտանգության ոլորտում աշխատող բազմաթիվ սպաներ, նրանք, ովքեր քիչ թե շատ պատկերացում ունեն անվտանգային համակարգի սպառնալիքներից և մարտահրավերներից, արցախյան բանակցությունների քննարկումներից, այդ թվում՝ նաև փակ, օրինակ՝ Տեր-Պետրոսյանը Նիկոլին անվանում է ազգակործան պատուհաս, մյուսն անվանում է դավաճան, մյուսն անվանում է Ալիևի կամակատար, Երրորդ նախագահը անվանում է կապիտուլյանտ, և այդպես շարունակ: Այսինքն՝ այստեղ կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծել է կառավարելի քաոս և այդ քաոսով մոտեցրել է պատերազմը»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե ինչու 2018թ. այն ժամանակվա իշխանությունները չկանխեցին իշխանափոխությունը:

«Այսօր ՀՀԿ-ին մեղադրում են նրանք, ովքեր 2018թ. իրար հերթ չտալով՝ մեզ մերժում էին, Նիկոլի ձեռքն էլ բարձրացնում էին՝ վարչապետ ջան էին ասում: Նաև քաղաքական ուժերին է սա վերաբերում և այն քաղաքացիներին, ովքեր փորձում են պատասխանատվության բաժինն իրենցից գցել: Ես հիմա չեմ ուզում մեղադրական տոնով խոսել, գուցե շատերը չեն հասկացել, շատերն էլ՝ փոշմանել են, բայց եթե 2018թ. հեղափոխության մասնակցելը միամտություն կարող է թվալ, ապա 2021թ. հունիսի 20-ին նրանք, ովքեր գնացել՝ ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին՝ լեգիտիմացնելով նրան, ինձ համար գրեթե նույն չափով ունեն պատասխանատվություն»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններից հետո գերիների, անհետ կորածների ծնողները բողոքի ակցիաներ են սկսել: Դրանից առաջ Փաշինյանն էր ասել, որ դեռ պետք է քննել, պարզել, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել մեր տղաները: Հրապարակվեցին վերջերս հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքները:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իշխանությունների այս գործողությունները հուշում են մի բան՝ նրանք ինչպես ձեռքերը լվացել են Արցախից, հիմա ձեռքերը լվանում են գերիներից.

«Գերիներն այս փուլում իրենց համար գլխացավանք են, սա նախընտրական փուլ չէ, որ գերիների ծնողների վրա ազդեն, գնան, ասեն՝ եթե ընդդիմությունը հաղթի, ձեր երեխեքը կմնան այնտեղ, գերիները մեր եղբայրներն են, հերոսներ են, հիմա ընտրությունները հաղթել է, գերիները նրան պետք չեն և պետք է ասի՝ գերիներն են մեղավոր, ու վերջ: Բայց գերիները չեն մեղավոր, ինքն է մեղավոր, որ այդ գերիներին անտերության է մատնել, որ նոյեմբերի 9-ի համապատասխան հայտարարության մեջ ամեն ինչի ժամկետ նշված է՝ սկսած հողերը տալուց, բայց գերիների վերադարձի ժամկետ նշված չէ: Բա ինչո՞ւ ես ստորագրել, արա, բա մեծ-մեծ խոսում ես պառլամենտում, աջուձախ հոխորտում ես, բա այդ փաստաթուղթը որ ստորագրում էիր, չէիր կարողանում ասե՞լ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, բա որ Քարվաճառից դուրս եմ գալիս, Իլհամն ասել է՝ ժամը գրեք, բա այս գերիների վերջնաժամկետ ինչո՞ւ չենք գրում: Կամ եթե բոլորը՝ բոլորի դիմաց ես պայմանավորվել, ինչո՞ւ ես քո բոլոր գերիներին տալիս, եթե այնտեղ այդքան գերի ունես: Ամեն ինչ պարզ է»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ինչ հիմնական հարցերով են իրեն դիմում քաղաքացիները. «Տարբեր հարցերով են դիմում, բայց հիմնական հարցը՝ երբ ենք սրանից ազատվում»:

Հետաքրքրվեցինք՝ և՞, ի՞նչ է պատասխանում:

«Դե, ժամ-պատարագ չգիտեմ ես, ես այն ընդդիմադիրներից չեմ, որ ասեմ՝ վաղը չէ՝ մյուս օրը, 12:15 Նիկոլը հեռանալու է: Ինքը գնալու է այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն տեր զգա և չուզի կզած ղեկավարի կզած կարգավիճակով ապրել, իր ապագան տեսնի Հայաստանում և հաղթի իր միջի հուսահատությանը: Նիկոլից ավելի մեծ սպառնալիք հուսահատությունն է, երբ մարդիկ հուսահատված՝ արտագաղթի ճանապարհն են բռնում, չեն ուզում իրենց երեխաները ծառայեն բանակում: Իմ տղան էլ է շուտով այդ տարիքի դառնալու, խնդիր չկա, պետք է ծառայի: Ես ծագումով հույն եմ, բայց իմ ընտանիքի ապագան տեսնում եմ Հայաստանում, որովհետև քանի Թուրքիան և Ադրբեջանը մեր հարևաններն են, միշտ էլ այդ սպառնալիքը լինելու է. եթե մենք ուզում ենք Հայաստան լինի, յուրաքանչյուր քաղաքացի այդ հուսալքությունը պետք է շպրտի մի կողմ և գնա ազգային ճանապարհով՝ ամեն մեկը՝ իր տեղում:

Մենք պետք է հասկանանք, որ Աստծուց տված հայրենիքը Հայաստանն է: Եվ ատելությունը պետք է վերացնել, այս ատելությունն էլ հուսահատության նման վիրուս է: Ատելությունն իրենք են սերմանում: Ես 12 տարի պառլամենտում աշխատել եմ, չեմ տեսել այսպիսի ծեծկռտուքներ, գաղութ էլ չի, է, գաղութում ներքին կանոնադրություն կա, խուլիգանություն է՝ գոռում-գոչում են, չեն նայում՝ աղջիկ կա, չկա, հայհոյում են: Արա, ո՞ւր էիք, բա ձեր տեղը չգիտեինք, դա պառլամե՞նտ է, թե՞ ախոռ: Հետո էլ արդարանում են՝ պառլամենտարիզմին դա հատուկ է, ո՞վ է ասել, որ պառլամենտարիզմին դա հատուկ է: Հասարակության հիմնական հարցը դա է՝ երբ ենք ազատվում: Ես էլ ասում եմ՝ դուք չեք կարող «դիվան քշել» ու ասել՝ էն Շարմազանովը ինչո՞ւ Նիկոլին չի հեռացնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս