Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել. Փաշինյանը հերքեց բանավոր պայմանավորվածությամբ դիրքեր զիջելու մասին իր հայտարարությունը
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր էր, ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմելով Փաշինյանին՝ ասաց, որ վերջինի կառավարման օրոք, գիտությամբ թե անգիտությամբ, բանակցային գործընթաց է ներմուծվել, այսպես կոչված, «բանավոր պայմանավորվածություններ» ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու արատավոր մի գործելաոճ։
«Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ, դա մենք բոլորս լավ հասկանում ենք, այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված, թեկուզ և բանավոր պայմանավորվածությունների մասին է։ Նամանավանդ, որ դրանք հիմնականում, ինչպես պարզվում է դրանից հետո, կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար։ Բանավոր այդ ընթացակարգերով ձեռք բերված համաձայնությունների գոյությունը, երբ դրանց ծանր հետևանքները հանրությունը, ցավոք, իմանում է դրանք կատարվելուց հետո և դրանց իրագործման արդյունքում ուղղակի ականատես է լինում նոր զիջումների։ Օրինակները բազմաթիվ են՝ զորքերը հետ քաշելու հրամանները, սահմանագիծ չապահովելով դա անելու, ամբողջ ճանապարհահատվածը թշնամուն հանձնելը և բազմաթիվ այդպիսի այլ դրսևորումներ։ Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է Կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություն, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների, սրա բացատրությունը ե՞րբ պետք է տաք»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը։
Նիկոլ Փաշինյանը հարցի համար նախ շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորին, ապա կարճ պատասխանեց․
«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել, մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Իմիջիայլոց ասեմ, այն նարատիվը, որ կան բանավոր գաղտնի պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։
Արմեն Ռուստամյանը Փաշինյանի այս պատասխանից զարմացած արձագանքեց․
«Մենք տարբե՞ր աշխարհներում ենք ապրում։ Դուք ինքներդ եք հայտարարել դրա մասին, որ գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, ուղարկե՞նք ձեր ասածը»։
Նիկոլ Փաշինյանը պատգամավորի այս հայտարարությանը պատասխանելու համար հիշեց Մեսրոպ Մաշտոցին․
«Մի անգամ ես հարցուպատասխանի ժամանակ հիշեցրել եմ, թե Մեսրոպ Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը, նորից ստիպված եմ հիշեցնել։ Գնացեք, նորից նայեք, դուք երևի, երբ հարց եք տալիս, կարևորը ձեր հարցն է, և ոչ թե այն պատասխանը, որ այս ամբիոնից լսվում է»։
Արմեն Ռուստամյանը տեղից արձագանքեց՝ գնա՞մ Մեսրոպ Մաշտոցին հարցնեմ, ինչին Փաշինյանը պատասխանեց, կախված է նրանից, թե որ աշխարհում է ապրում, նրանից էլ կարող է հարցնել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել էր, մասնավորապես ասել էր․
«Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, և ես ասել եմ նախկինում և խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված: