«Անկանոն կրակոցներ շատ են լինում, դրանց վեաբերյալ տեղյակ ենք պահել ռուսական կողմին». Կարմիր Շուկայի գյուղապետ

Դեկտեմբերի 2-ին թշնամին կրակել էր Արցախի Հանրապետության Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսվել էին Կարմիր Շուկայում։ Որոշ դադարից հետո, թշնամին նույն ուժնությամբ կրակել էր նաև երեկոյան։

Այս սադրանքից մեկ օր անց, ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչը տարածքում մոլորվել էր և հայտնվել ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում, որից հետո թշնամին նրան առևանգել ու սպանել էր։

168.am-ի հետ զրույցում Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանն ասաց.

«Ճարտարեցու սպանելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ, գիտեմ այն, ինչ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել են։ Ինչ վերաբերում է Կարմիր Շուկայի դիրքերի ուղղությամբ եղած կրակոցներին, ապա դրա վերաբերյալ տեղյակ ենք պահել ռուսական կողմին։ Անկանոն կրակոցներ շատ են լինում, ինչ վերաբերում է կոնկրետ գյուղի ուղղությամբ եղած կրակոցներին, այսպես չեմ կարող բացատրել, պետք է տեղում լինեք, որ ցույց տամ, թե որտեղից են կրակում ու ինչպես»:

Ըստ նրա, Կարմիր Շուկայում խուճապային տրամադրություն չկա։

«Այս պահի դրությամբ ոնց եղել ենք, այնպես էլ մնում ենք, որևէ փոփոխություն չկա»,-եզրափակեց Նարեկ Աթայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին էլ թշնամու դիպուկահարի կրակոցից սպանվել էր Մարտակերտի խաղաղ բնակիչը, ով իր տրակտորով դաշտում աշխատելիս էր եղել։ Նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև նոյեմբերի 8-ին, երբ թշնամին Շուշիի մերձակայքում աշխատող ջրատար խողովակի վրա աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ էր բացել, որի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել էր, իսկ երեք անձ էլ վիրավոր տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս