Բաժիններ՝

Պայմանագրային զինծառայողները բնակարաններ վարձակալելիս բախվում են խնդիրների, բայց առաջարկվող փոփոխությունը ևս կարող է խնդրահարույց լինել. Արդարադատության փոխնախարար

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում»։

Առաջարկվող փոփոխության  նպատակն է, որպեսզի  պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվեն ծառայողական բնակարաններով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով, կամ պայմանագրային զինծառայողները  չներկայացնեն բնակարանային վարձակալության պայմանագիր Կառավարությունից ստացած փոխհատուցման դիմաց, որպեսզի ստիպված չլինեն շրջանցել օրենքը և դառնալ օրինախախտ քաղաքացի:

Արդադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն անդրադառնալով օրենքի նախագծին, չժխտեց, որ պայմանագրային զինծառայողները նման խնդիրների են բախվում, հետևաբար՝ խնդիրը լուծում է  պահանջում։

«Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են խնդրահարույց իրավիճակներ առաջացնել։ Մի խնդիրը վերաբերում է  նրան, որ եթե հիմա հանում ենք վարձակալության պայմանագիրը, կարող են խնդիրներ առաջանալ փոխհատուցման չափը որոշելու հարցում, այսինքն՝ այդ դեպքում ինչպե՞ս է որոշվելու փոխհատուցման չափը։ Նաև խնդիրներ են առաջանում նրա հետ կապված, թե զինծառայողն ինչ փաստաթղթերով է հիմնավորելու, որ ինքը բնակվում է  այս կամ այն տարածքում, կամ համապատասխան մարմինների կողմից ինչպես է ստուգվելու, թե կոնկրետ այս պարագայում զինծառայողը բնակվե՞լ է տվյալ տարածքում, թե՞ ոչ»,- նշեց Արդարադատության փոխնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ խնդիրը քննարկել են Պաշտպանության նախարարության հետ, ՊՆ-ն որոշակի առաջարկություններ ունի։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նույնպես ընդգծեց, որ նախագիծն այդ տեսքով ընդունելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս