Արթնացե՛ք, մարդիկ, սրանք ձեզ շահագործում են՝ վայելում իշխանությունը, կործանում երկիրը ու ցավ չեն զգում կատարված աղետի համար. Արսեն Ջուլֆալակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն է:

Բանախոսը նշել է. 

  • «Նախկին օլիգարխը, որ հետո դարձավ բիզնեսմեն, ապա՝ իշխանական պատգամավոր, այսօր սեփական ԱԺ նախագահ ունի». Գործող իշխանության մեջ տիրող բարքերի մասին ասաց Արսեն Ջուլֆալակյանը՝ նկատի ունենալով Խաչատուր Սուքիասյանին և Ալեն Սիմոնյանին: 
  • Նախկին օլիգարխը միշտ է իր ազդեցությունն ունեցել այսօրվա իշխանական քաղաքական ուժի վրա:
  • Ծրագրել էի սպորտային կարիերան ավարտելուց հետո որպես միջազգայնագետ զբաղվել կա՛մ քաղաքականությամբ, կա՛մ միջազգային հարաբերությունների հարցերով, կա՛մ դիվանագիտությամբ:

2018-ին խորհրդարանական ընտրություններից առաջ երեք տեղից հրավեր ստացա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմով ընտրություններին մասնակցելու. Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը և Արայիկ Հարությունյանն ինձ համոզում էին հեղափոխությանը միանալ: Իմ պայմանները դրեցի՝ կատարեցին: Փորձելով համոզել, ասում էին՝ դու տիրապետում ես սպորտի բնագավառին, գիտես բոլոր խնդիրները, ունակ ես շտկելու դրանք՝ եթե ոչ հիմա, բա ե՞րբ… այսպես համոզում էին: Հարցրեցի՝ իսկ արդյո՞ք անձնիշխանություն չի լինի, պնդեցին, թե անձնիշխանության ժամանակներն անցել են, եկել է թիմային աշխատանքի ժամանակը: Այնինչ եղավ բոլորովին հակառակը:

  • Հայրս հարցրեց՝ կկարողանա՞ս այդ մարդու հետ աշխատել: 2015 թվականին էլ էին համոզում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, կտրականապես մերժեցի: Հետո պարզ դարձավ, որ իրենց հեղինակավոր, անվանի մարդկանց քանակ էր պետք, որպեսզի հասարակությանը մատուցման փաթեթավորումը գեղեցիկ լինի…
  • Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է մի երկրում, որտեղ կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը բազմաթիվ խնդիրներ ունեն, միավորել մեկ տանիքի տակ՝ որպես մեկ նախարարություն, այն էլ այդքան հապշտապ, առանց քննարկելու, ու ստեղծեն պաշտոն մեկ մարդու համար, որովհետև նա մեծ արժեք ունի վարչապետի համար, ուստի պետք էր այդ մարդու համար, մյուսների համեմատ, ավելի ծանրակշիռ պաշտոն ստեղծել:
  • Երբ խոսում էի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից թույլ տրված խնդիրների ու Արայիկ Հարությունյանի ստեղծած աղետի մասին, ասում էին՝ ՆԱ այդպես է ուզում… Արայիկին նույնիսկ դիտողություն չեն կարող անել իրենց կուսակցությունում…
  • Ինչո՞վ են գրավել հանրությանը, որ տրանսպորտի գնի 50 դրամով թանկացման, էլեկտրականությունը մի քանի դրամով թանկացնելու համար բողոքի ակցիայի էին դուրս գալիս, հիմա, երբ անվտանգության լուրջ խնդիր ունենք, երբ երկիրը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնել՝ դուրս չեն գալիս…
  • Վստահ եմ արդեն՝ 2018-ի հեղափոխությունը դրսի ուժերն էին կազմակերպել, երկարաժամկետ ծրագիր է, մանրամասն մշակված, հիմա էլ շարունակվում է, այդ ծրագիրը չի ավարտվել: Սա վերջը չի, սկսվել է 2018-ի ապրիլին և շարունակվում է: Մեծ պետությունները մեծ ծրագրերն այսպես են իրականացնում՝ դանդաղ, փուլառփուլ ու երկարատև…
  • Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամենաքիչ հարգանքն է վայելում, մարդ, որ ամենացածր ռեյտինգն ունի՝ ինչի՞ էին նշանակում ԱԺ նախագահ՝ ուզում էիք մանկության երազանքը կատարե՞լ…
  • Պաշտոնի են նշանակում մարդկանց, որ Ա4 ֆորմատի թղթի վրա CV՝ կենսագրություն ունեն… Խայտառակություն է, թե ինչ են խոսում մեր պաշտոնյաների, վարչապետի մասին դրսում: Այսօր այսպես է՝ ինչքան չես բողոքում, քննադատում, ինչքան անդեմ լինես, էնքան բարձր կլինի պաշտոնդ…
  • Երբ պատերազմից 20 օր հետո Արայիկ Հարությունյանին մի քննարկումից հետո հարցնում են՝ ինչո՞ւ Արցախի ու պատերազմի մասին բան չեք ասում, իրեն հատուկ ժպիտով պատասխանում է՝ «Ենթադրում եմ՝ ձեր մոտ հետպատերազմյան սինդրոմ է, 2 շաբաթից կանցնի»: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ խելահեղություն…
  • Նրանք շահագործում են ձեզ՝ վայելելու իշխանությունը, ու ցավ չեն զգում կատարված աղետի համար. սա պետք է հասկանա հանրությունը:
  • Այն, ինչ տեսնում եք, դա միայն այսբերգի վերևն է՝ կգա ժամանակը, երբ չեն լինի այս իշխանությունները, կիմանանք՝ ինչ է եղել ասֆալտի հետ, շինարարության հետ, առողջապահության ոլորտում… բոլոր ոլորտներում ինչ կոռուպցիա է եղել:
  • ՔՊ-ից ընդամենը մի քանի հոգի գիտի, թե իրականում ինչ է եղել պատերազմի ընթացքում:
  • Գնացեք Արցախ և հարցրեք՝ որ բունկերում ինչու և ովքեր էին սնվում, երբ դատարկվում էր Ստեփանակերտը. պատրաստվում էին հանձնել՝ չստացվեց…
  • Նշաձողն այնքան են իջեցրել, որ երբ ակնկալում ենք շատ վատ բան, ու համեմատաբար նվազ վատ է լինում՝ ուրախանում ենք:
  • Ուզո՞ւմ եք այս ծրագիրն ավարտին հասցնեն: Արթնացե՛ք, մարդիկ:
  • Մեր երկրին էդքան աղետ բերած մարդն ասում է՝ իր ամբողջ կառավարման ընթացքում ամենացավալին դրոշի պատմությունն էր, ու չի ցավում լուրջ կորուստների համար:

Տեսանյութեր

Լրահոս