Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը

Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը։ Տեղեկությունը հայտնում է «Անի» ուսումնասիրությունների կենտրոնը։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը երեկ կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

«Երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ»,–գրում է կայքը։

Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, հայտնել էր, որ դեռ 2018 թվականի հոկտեմբերին Դուբայում ադրբեջանական ղեկավարությունը ՀՀ իշխանությանն առաջարկել է 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանը հանձնելու համար։ Ըստ Միքայելյանի` առաջարկն արել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը, և այն փակ ծրարով փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, նա էլ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութեր

Լրահոս