Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի Հայ Դատի խորհրդաժողով
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով։
Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ գրասենյակից, մանրամասնելով, որ խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ՝ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։
Նշվում է, որ խորհրդաժողովի օրակարգը վերաբերում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն և այլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և առաջիկա անելիքները։ Ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն մարտավարական ճշգրտումներ։
Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։
Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։