Բաժիններ՝

Այդ թմրությունն է մեր մահը, մեր հոգու բարոյական մահը…

«Թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց» (Մատթ. 13.25):

Քրիստոս Իր քարոզության համար հնարավորինս լռին, բացօթյա վայրեր էր ընտրում: Տաճարի նեղ շրջապատն ու քաղաքների ժխորալից վայրերը անբավական էին, ամուլ հող Նրա կենաց խոսքի համար: Ուստի Հիսուս սովորաբար կամ լեռան կատարից, կամ ծովակի բաց տարածության մեջ էր խոսում՝ Իրեն հետևող բազմությանը գոհացնելով և ասես ավելի ազատորեն ներշնչվելով երկնքից ու բնությունից:

Նման մի վայր էր ժողովրդին պատմվող այս առակի տեղանքը: Քրիստոս նստել էր ձկնորսական նավակի մեջ՝ Գեննեսարեթի ծովի վրա, և քարոզում էր Իր փրկությանը ծարավի անթիվ բազմությանը:

Փրկչի այս անգամվա քարոզը առակների շարք է: Առաջին անգամ չէր, որ Նա առակներով էր խոսում: Ժողովրդի ռամիկ դասակարգին առակներով խոսելու եղանակը Հիսուս օգտակարագույնն է համարում, քանի որ մանավանդ սեմական ազգերն այսպիսի այլաբանություններն ավելի արագ են ըմբռնում, քան պարզ ու առածաձև ճշմարտությունները:

Ինքը՝ Քրիստոս, Իր այս ձևով խոսելու պատճառը բացատրում է աշակերտներին՝ ասելով, որ հասարակ ժողովուրդն այդպիսի խոսքի կարիք ունի, որովհետև իր շուրջը տեսնում է Աստծու արքայության գալստյան նշանները, սակայն չի ըմբռնում, լսում է, բայց չի հասկանում: Նույնիսկ առաքյալները, ըստ ամենայնի պատրաստ ու ներշնչված միտք ունենալով, երբեմն կարիք էին զգում Վարդապետի բացատրությունները լսելու, ինչպես տվյալ առակի պարագայում (տե՛ս Մատթ. 13. 36-43):

Մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց«Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդուորն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց»:

Երկնքի արքայությունը Քրիստոսի բոլոր քարոզների նշանաբանն ու նպատակն էր, քանի որ Նա Երկնքի արքայության առաքյալն էր և մարդկությանն այնտեղ առաջնորդելու կոչումն ուներ: Նրա վարդապետած ճշմարտություններն այդ թագավորության օրենքներն էին, իսկ այդ օրենքները հարգողները արքայության որդիներ պիտի լինեին:

Այս առակը պատմելով՝ Հիսուս մեծապես ջանում էր Իրեն ունկնդրող ժողովրդի աչքն ու միտքը դեպի երկինք սևեռել՝ զանազան պատկերների միջոցով բացատրելով, որ ճշմարտության՝ այդ ժամանակ ունեցած շատ փոքր տիրապետությունը քիչ ժամանակ անց պիտի մեծ ընդարձակություն ձեռք բերեր և հաջողություն արձանագրեր:

Այդ պատկերներից մեկը սույն առակն է, որում Քրիստոս Իր քարոզությունը նմանեցնում է սերմի, իսկ Իր անձը՝ սերմնացանի: Նա Ինքն է բարի սերմեր ցանողը, մշակ, որ միայն բարին է սերմանում այն արտում, որն ի սկզբանե Իր սեփականությունն էր: Նա էր «ստեղծել» այդ արտը, որ սուրբ էր ու զերծ ամեն տեսակի աղտեղությունից, և այն բնակարան էր դարձրել Իր թանկագին մարգարտի՝ բարի սերմի համար, ու այն դրել մարդու սրտում: Նա Ինքն էլ համայն ճշմարտությամբ հանդերձ կամենում էր բնակվել այնտեղ չարին զորավոր դիմադրություն ցույց տալու և մարդուն արքայության որդի դարձնելու համար:

Սակայն…

«Երբ մարդիկ քնած էինեկավ Նրա թշնամինցորենի մեջ որոմ ցանեց և գնաց»:

Սատանան՝ չարի մարմնավորումը, մշտապես թշնամի է Աստծուն, որ ճշմարտության մարմնավորումն է: Այնտեղ, որտեղ Քրիստոս ի բնե բարություն է սերմանել, սատանան ջանացել է իր որոմը ցանել: Արդարև, չարն ու բարին մարդկանց մեջ միևնույն սկզբնավորությունը չունեն, սակայն նրանցից յուրաքանչյուրի «ծնունդը» շատ մոտ է մյուսին, ուստի մարդուն շատ քիչ ժամանակ է մնում ինքն իրեն և աշխարհը ճանաչելու կամ, այլ կերպ ասած, գիտության ծառից ճաշակելու համար:

Ինքնաճանաչողության այս գործընթացում մարդու մեջ զարթնում են անձնիշխանության բնազդները, և կրքերի հոսանքը երբեմն հավասար տեղ է գրավում այն սկզբնական բարության կողքին, իսկ հաճախ էլ գերազանցում է այդ բարությունը: Ահա՛ սատանայի նվիրապետությունը, չարության որոմը, բարու հակառակորդն ու թշնամին:

Սակայն չարության այս որոմները, որոնք սատանան ջանում է մշտապես սերմանել Աստծու ցանած բարի ցորենի մեջ՝ բարության արտում, մարդու քնած ժամանակ միայն կարող են արմատավորվել ու «պտղաբերել»: Երբ մարդու բոլոր զգացումներն ու մանավանդ նրան առաջնորդող միտքն ընկղմվում են աշխարհային հեշտությունների մեջ, բնական հակամիտվածությունն ու նկարագիրն անտեսելով, այդժամ չարը պահը որսում է ներս սպրդելու և տարածք «զբաղեցնելու» համար: Եվ ոչ թե այսքանը միայն, այլև, դժբախտաբար, ներս մտնելուն պես այնքա՜ն արգավանդ հող է գտնում, որ նույնիսկ ջանք թափելու կարիք էլ չի ունենում, այլ անհոգ երկրագործի նման թողնում է, որ հողը ինքն իրեն աճեցնի այդ սերմերը:

«Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը»:

Սատանան ցանում է որոմը, որ բուսնում է ցորենի հետ, և մարդ չի իմանում այդ մասին: Այդ երկու տեսակի «խոտերը» շփոթելով՝ մարդ կարծում է, թե միայն իր ցանած ցորենն է աճել: Այդ նույն ձևով էլ իր արարքները բարի է կարծում այն մարդը, որի գիտակցությունը կուրացել է կրքերի պատճառով այն աստիճան, որ նա չի զանազանում չարն ու բարին: Բայց ժամանակ է գալիս, երբ երկու բույսերն էլ պտուղ են տալիս, և մարդ հասկանում է իր սխալը: Այսինքն՝ կրքերն ու չար սովորությունները մարդու աչքին բարին են թվում այնքան ժամանակ, քանի դեռ պտուղ չեն տվել:

Սակայն բարություն սերմանողը հրամայում է.

«Որոմը քաղելիս գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը»:

Ուրեմն չարն աշխարհում գոյություն ունի Աստծու թույլտվությամբ: Ինքը՝ սերմնացանն է թույլատրում, որ ցորենն ու որոմը միասին աճեն, որպեսզի որոմը տարաժամ արմատախիլ լինելու պատճառով ցորենին չվնասի: Չարը վերացնելու համար նա չի ուզում բռնի միջոցներ գործադրել, այլ մինչև վերջ թողնում է, որ որոմը աճի՝ թույլ չտալով անգամ, որ իր ծառաները վնասեն դրանցից մեկին:

Հունձքի ժամանակ, սակայն, այդ որոմը պիտի քաղվի հրո ճարակ դառնալու համար: Յուրաքանչյուր քրիստոնյա լավ հասկանում է այս խոսքը, մանավանդ երբ Հիսուսի շուրթերից լսում է դրա մեկնությունը (տե՛ս Մատթ. 13.39-43): Հանդերձյալ կյանքի ու դատաստանի նկարագիրն է դա:

Մթին ու սարսափազդու վայրկյաններին, երբ ամենակարծր ու թերահավատ սրտերը հառաչ ու մրմունջ են արձակում դեպի վեր, երբ աշխարհիկ տարրերի մեջ ընկղմված աչքերն աղերսարկու հայացքով դեպի երկինք են նայում, այդ ժամաման է տեսանելի դառնում հանդերձյալ կյանքը, այդ ժամանակ կարելի է հասկանալ, թե ինչ է երկինքը, հատուցումը կամ դատաստանը, և ըմբռնել, թե անցյալն ու ապագան ինչպես են պատկերվում մարդու աչքի առջև՝ մեկն իր ողջ ունայնությամբ, մյուսն իր երանություններով ու սոսկումներով: Դա խղճի դատաստանն է՝ սկիզբը ապագա մեծ դատաստանի:

Քրիստոս Իր այս փոքրիկ առակով այսքա՜ն մեծ դաս է տալիս մեզ: Որոմի մանր սերմերը մարդուն մատնում են այրվելու, լալու և ատամ կրճտացնելու: Եվ այդ ցավագին վիճակի պատճառը մեր հոգեկան թմրությունն ու քունն են, որ սատանային առիթ են տալիս իր որոմները սերմանելու մեր սրտի անդաստանում: Այդ թմրությունն է ուրեմն մեր մահը, մեր հոգու բարոյական մահը, առանց որի միայն կարող ենք «ամբարվել» Քրիստոսի շտեմարանում՝ Աստծու որդիներ լինելու և Երկնքի արքայության մեջ «իբրև արեգակ» փայլելու:

Զավեն արքեպս. Եղիայան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկԿարապետյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս