Չենք բացառում, որ ԲԴԽ կախյալ, կողմնակալ և ոչ իրավասու կազմը կարող է նաև առանց բավարար հիմքերի պատժել Զարուհի Նախշքարյանին. Սիրանուշ Սահակյան

«Փաստարկված և հիմնավորված որոշում Զարուհի Նախշքարյանին պատժելու համար, բնականաբար, չի կարող կայացնել ԲԴԽ-ն: Իհարկե, որոշում, այո, կարող է, բայց որքանով այդ որոշումը կլինի օրինական և հիմնավորված, դա այլ հարց է»,- «168.am»-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ԲԴԽ-ում որոշում կա պատժել դատավորին:

Իրավապաշտպանը նկատեց՝ իրենք, իհարկե, չեն բացառում նման որոշման հնարավորությունը, հատկապես, երբ քննարկման առարկա են դարձրել ԲԴԽ-ի անկախության բացակայությունը՝ պլանավորված այս գործի առանձնահատկություններով:

«Նաև փաստեր ունենք և հարուցող, և վարույթ իրականացնող սուբյեկտների կողմնակալության առնչությամբ, և ավելին, գործերից մեկում նաև ինքնաբացարկի-բացարկի ինստիտուտներն են ոչ իրավական ձևով գործարկվել, ուստի գործը քննող դատական կազմն էլ իրավասու չէ: Այսինքն՝ հիմնարար սկզբունքների խախտումներ ենք բարձրաձայնել և, այո, չենք բացառում, որ կախյալ, կողմնակալ և ոչ իրավասու կազմը կարող է նաև առանց բավարար հիմքերի պատժել տիկին Նախշքարյանին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ այս հանգամանքը, սակայն, իրենց չի մտահոգում:

«Մենք գիտենք, որ ԲԴԽ-ն վերջնական ատյան է Հայաստանի պայմաններում, սակայն այս որոշումը վերջնական չէ: Օրինականության քննարկման այլ ատյաններ կան, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): Եվ սա ուղղակի կլինի նվեր փաստաբանական թիմին, որն ունակ կլինի մեկ գործի շրջանակներում միջազգային ատյաններում վեր հանել դատավորի կարգապահական վարույթների ինստիտուցիոնալ խնդիրները և այս ատյանների ներգրավմամբ հասնել խնդիրների լուծմանը, բարեփոխումների իրականացմանը: Այդ տեսանկյունից մենք միգուցե մի օր շնորհակալ լինենք այս կազմին»,- նշեց ԲԴԽ-ում դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը:

Նկատառմանը, թե արդյո՞ք որպես սուբյեկտ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա դստեր հայցն էր քննվում դատավորի վարույթում, իսկ ինքն էլ հայցվորի ներկայացուցիչ է, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ Զարուհի Նախշքարյանը դատավոր է եղել գործերով, որոնցով մի դեպքում կողմ է եղել հարուցող սուբյեկտ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը, իսկ մյուս պարագայում կողմ է եղել Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել՝ որպես իր դստեր օրինական ներկայացուցիչ:

«Այսինքն՝ և արդարադատության նախարարը, և նաև Նիկոլ Փաշինյանը տիկին Նախշքարյանի որոշումներին կողմ են եղել և չբավարարման բացասական հետևանքները կրել են, ուստի այս պայմաններում նրանք կարող են և ըստ էության գործադրում են լծակներ, որպեսզի Զարուհի Նախշքարյանը արդարադատության իր գործունեության համար ենթարկվի պատժի»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս