«Ժողովրդին ասել եմ՝ խուճապի չմատնվեն կրակոցներ լսելուց, մենք ամեն դեպքում ամեն ինչի պատրաստ ենք». Լծենի վարչական ղեկավար

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զինուժը Սյունիքի մարզում 100-150 կմ հետ քաշվեց և բոլոր բարենպաստ դիրքերը զիջեց թշնամուն։ Այդ որոշման արդյունքում թշնամին ամրապանդելով իր դիրքերը՝ աստիճանապար սկսեց խորանալ ՀՀ սուվերեն տարածքում։

Այս տարվա մայիսի 12-ից թշնամու զինված ուժերն ավելի խորանալով ՀՀ տարածքում՝ իրենց դիտակման ներքո վերցրեցին շատ գյուղեր ու համայնքներ։

Նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզում դիմել էր ռազմական ագրեսիայի, շատ գյուղերում ժամեր շարունակ լսվել էին կրակոցների ձայներ։ Կրակոցի ձայներ լսվել էին նաև Լծեն բնակավայրում։

«Իշխանասարի տարածքից կրակոցները լսվում էին նաև մեր գյուղում։ Նույն պահին բնակիչներին հորդորել եմ խուճապի չմատնվեն, հուսադրել եմ, որ լավ կլինի, կպայքարենք, որպեսզի անվտանգ լինենք։ Մեր գյուղի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ինչ էլ լինի՝ կգնանք ապաստարաններ, դրանք միշտ պատրաստ պահում ենք։ Ժողովրդին ասել եմ, որ խուճապի չմատնվեն կրակոցներ լսելուց։ Մենք ամեն դեպքում ամեն ինչի պատրաստ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լծեն բնակավայրի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ճանապարհներին, Լծենի ղեկավարն ասաց, որ հիմնական ճանապարհը շրջանցում են և, օրինակ, մարզկենտրոն հասնում են Տաթևով։

«Նախկինի համեմատ՝ մեր ճանապարհը երկար է, հիմա Որոտան-Կապան ճանապարհը փակ է։ Հիմա, երբ Տաթևով ենք գնում, ճանապարհն ավելի դժվարացել է, հատկապես ձմռանն այս ճանապարհն ավելի է դժվարանալու»,- նշեց Դերենիկ Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենց ցանկությունը խաղաղություն ունենալն է։

«Ինչ կախված է մեզանից, մենք կանենք, մնացածն արդեն կախված է  ղեկավարությունից, ռազմական նախարարությունից։ Աստված ոչ անի, եթե որևէ բան լինի, մենք պատրաստ են ամեն ինչի մասնակցել, որ խաղաղ լինի»,- եզրափակեց Լծենի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից թշնամին Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում մաքսակետ է դրել և իրականացնում է  սահմանային ու մաքսային վերահսկողություն, որի պատճառով Որոտանի ճանապարհը փակ է, ՀՀ քաղաքացիներն օգտվում են այլընտրանքային դժվարանցանելի ճանապարհից։

Թշնամին մաքսակետ է դրել նաև Կապան-Ճակատեն ճանապարհին։

Տեսանյութեր

Լրահոս