Նիկոլ Փաշինյան․ ուրացողը

Հրանտ Մաթևոսյանի անկիրթ Ռևազը ուսյալ ոստիկանին ասում է․ «Որովհետև տգետ ես․․․»։

Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի կարդացել Մաթևոսյանին ու անգամ չի դիտել ֆիլմը, կամ կարդացել ու դիտել է մի քանի անգամ՝ այդպես էլ չհասկանալով, որ ոստիկանին ուղղված ախտորոշումն իր մասին է ու իր իշխանության մասին է։

Ինչպես որ չի կարդացել կամ կրկին կարդացել ու չի հասկացել Չարենցի «Յոթը խորհուրդ քաղաք կառուցողներին»-ը, որը ազգի ու պետության պատմական հիշողության, միայն անցյալի արժևորման միջոցով ապագայի կառուցման կարելիության մասին է։

Չարենցի այդ բանաստեղծությունը նաև ու հատկապես նախնիների պաշտամունքի ու չուրացումի մասին է։ Ապագայի քաղաք կառուցողներին Չարենցը հորդորում է հիշել, որ նույնիսկ անապատում երբևէ եղել ու խորտակվել են քաղաքներ, և, որ ապագայի քաղաքի կառուցման ամենապինդ կիրը նախնիների մոխիրն է, որը քաղաք կառուցողները պետք է ստանան այդ հողում թաղվածի աճյունն այրելով ու փոշին քաղաքի պարիսպների հետ խառնելով։

․․․Քանզի մեռյալների մոխի՛րն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ շաղախը և առհավատչյան
Եվ նրանո՛վ է դառնում երկիրը – երկիր,
Եվ ժողովուրդը – ժողովուրդ, և գալիքը – գալիք՝
անհողդողդ ու անճառ․․․

Նորանկախ Հայաստանի հիմնադիրներից մեկը, ամենահակասականը, բայց ամենակոլորիտայինը, ամենաքննարկվածը, բայց ամենախարիզմատիկը՝ նորերից ամենահինը ու հներից ամենանորը՝ Վանո Սիրադեղյանը, վախճանվել է 40 օր առաջ։

Ժամանակին նաև նրա բարեհաճությամբ ճանապարհ հարթած Նիկոլ Փաշինյանը նրա մահվանից օրեր անց միայն ձևավորել է կառավարական հանձնաժողով, որի անվանումը իրականում պետք է լինի ոչ թե թաղման, «այլ չթաղման» կառավարական հանձնաժողով, և որը ոչինչ չի անում Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան վերադարձնելու ու արժանապատիվ հողին հանձնելու համար։

Նիկոլ Փաշինյանին անգամ մահացած Վանո Սիրադեղյանից պաշտպանողները կարող են հազար պատճառ ներկայացնել՝ տեխնիկական, կազմակերպչական, տրանսպորտային․․․ բայց դրանք բոլորն արտահայտում են երևույթի մակերեսային կողմը։ Մինչդեռ իրականում երևույթն ունի խորք, ինչի մասին գրել է Չարենցը, և ինչը կարդալով կամ ոչ՝ չի հասկացել ամեն ինչ իր թվարկությունից հաշվող Նիկոլ Փաշինյանը։

Չարենցյան փիլիսոփայությամբ՝ նա ոչ միայն մեռյալների աճյունափոշին երկրի կառուցման շաղախ չի դարձնում, այլ անգամ քայլ չի անում մեռյալին հայրենիք վերադարձնելու համար։

Որովհետև, կրկին Չարենցի մտոք, նա ոչ թե երկիրը երկիր, այլ երկիրը՝ երկրի հակառակ կողմ է դարձնում, ժողովրդին էլ ոչ թե ժողովուրդ, այլ իր նման անցյալն ու նախկիններին ատող կույտ է դարձնում, ու գալիքն էլ ոչ թե գալիք, այլ անհասկանալի ապագա է դարձնում, ու դա անում է ոչ թե անհողդողդ ու անճառ, այլ ցնցումներով ու լաչառաբարո․․․

Որովհետև տգետ ես․․․

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս