«Չի կարող ժողովուրդը, ում, թուրքը գալիս է՝ ոչնչացնի, Անդրանիկ Օզանյանի նկարը տեղադրի Ֆեյսբուքում և այդքանով սահմանափակվի». Գրիգոր Գրիգորյան

«Այսօր շատերը Ֆեյսբուքում, հանրային հարթակներում ձեռքները խփում են սեղանին ու ասում են՝ սա ենք ազատագրելու, նա ենք ազատագրելու: Եկեք այս ամենը վերջացնենք: Իրավիճակը ծայրահեղ ծանր է: Չեն ասում՝ ազատագրելու ենք, չեն ասում՝ հասնելու ենք Վան: Մեր տղաները Արցախը Ֆեյսբուքում չեն ազատագրել: Կարծում եմ՝ Հայաստանում Ֆեյսբուքը պետք է արգելել, որովհետև այսօր այն ծառայում է ի վնաս մեր ազգի»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՍԱՊԾ նախկին պետ, հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ մեր բանակը թողել ենք անպաշտպան:

«Չի կարող ժողովուրդը, ում, թուրքը գալիս է՝ ոչնչացնի, Անդրանիկ Օզանյանի նկարը տեղադրի Ֆեյսբուքում և այդքանով սահմանափակվի, որ Անդրանիկը թուրքերին շան պես սատկացրել է: Քարտեզներ են Ֆեյսբուքում գցում, Ծովից ծով Հայաստան և այլն: Ամբողջը անկարողության ապացույց է, այս պարագայում ընդունելի չէ: Ֆեյսբուքյան այս գործունեությունը պետք է խիստ սահմանափակվի: Մենք այսօր ունենք վստահության ճգնաժամ: Ընդդիմության ամուլ պահելակերպը և այս ամենը ժողովրդին բերում է մի եզրագծի, որ նա կարող է անկանխատեսելի քայլերի գնալ: Անհատները՝ նույնպես ու չուզելով վնասել սեփական երկրին՝ իրականում վնասեն: Պայքարը պետք է լինի կառավարելի: Մենք ունենք ժամանակավոր օկուպացված հայրենիքի մի մաս, սա փաստ է: Փաստ է նաև այն, որ ժողովուրդը խորը ճգնաժամի, դեպրեսիայի մեջ է գտնվում»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը և ընդդիմության օրակարգը առաջ տանելու համար կարևորեց բոլորի կողմից հարգանք վայելող մարդկանց ներկայություն:

«Ժողովուրդը նոր դեմքերի, գործիչների կարիք ունի: Բնակչության հետ աշխատող մարդիկ պետք է բոլորի հարգանքը վայելեն, ոչ թե մի հատվածը զզվի, մյուսը՝ հրճվի»,- շեշտեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս