Սոմալիի հարավում ահաբեկիչները գրոհել են ուգանդացի խաղաղապահների ավտոշարասյան վրա
Նոյեմբերի 23-ին Սոմալիի Մարքա քաղաքի շրջանում ահաբեկիչները հարձակվել են Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության (AMISOM) բանակային ավտոշարասյան վրա: Այդ մասին հաղորդել է Somali Guardian նորությունների պորտալը:
Պորտալի տվյալներով՝ AMISOM-ի կազմում Ուգանդայի զորակազմի առնվազն մեկ բեռնատար է պայթել զինյաների կողմից ճանապարհին տեղակայված ինքնաշեն ականից: Խաղաղապահների հրամանատարությունն առայժմ պաշտոնական տվյալներ չի ներկայացրել վնասի կամ հնարավոր կորուստների մասին:
Իր հերթին պորտալը հաղորդում է մի քանի զինծառայողների մահվան եւ երկու բանակային ավտոմեքենաների կորստի մասին: AMISOM-ի ավտոշարասյան վրա ներկայիս հարձակումը հետեւել է նոյեմբերի 22-ին ուգանդացի խաղաղապահների վրա համանման գրոհին նույնպես Սոմալիի հարավում: Իշխանությունները երկու հարձակման համար էլ պատասխանատվությունը դնում են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման: AMISOM-ն ստեղծվել է 2007 թվականի հունվարին Աֆրիկյան միության որոշմամբ:
Առաքելության կազմում իրենց զորակազմերն են ուղարկել Ուգանդան, Բուրունդին, Եթովպիան, Քենիան, Ջիբուտին: Այժմ ընդհանուր թվակազմը հասնում է 20,6 հազարի: AMISOM-ն ունի Սոմալիի անցումային կառավարության աջակցության, անվտանգության բնագավառում ազգային պլանի իրականացման եւ Սոմալիի անվտանգության ծառայությունների պատրաստման մանդատ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: