Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել Ազգային արխիվի նախկին տնօրենի՝ նույն պաշտոնին վերադառնալու վերաբերյալ
Ամիսներ են անցնում, սակայն Վճռաբեկ դատարանը դեռևս որոշում չի կայացրել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի՝ պաշտոնին վերականգնվելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 22-ին մերժել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. հունվարի 15-ի վճիռը թողել անփոփոխ, ինչը ենթադրում է, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի նախկին պաշտոնում: Սակայն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նախարարությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ու դիմել ՀՀ Վճռաբեկ դատարան:
«Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել: Օր չեն նշանակել, նիստեր այնտեղ լինում են, բայց ոչ կողմերի մասնակցությամբ: Տեղյակ չեմ, թե առաջիկայում նիստը երբ կկայանա»,- մեզ հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվի նախկին տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց՝ այստեղ հարցը ոչ թե պաշտոնը կրկին ստանձնելն է, այլ զուտ բարոյական հարց է:
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել էր Ամատունի Վիրաբյանի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ: Վերոնշյալ հրամանը ճանաչվել էր անվավեր:
Դատարանը վճռել էր վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրենին իր պաշտոնում, ինչպես նաև՝ պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար՝ որպես պետական տուրք, պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՔԿ Արաբկիրի քննչական բաժնում կարճվել էր նաև պարոն Վիրաբյանի նկատմամբ 14․08․2020թ․ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 2021թ. հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը: