Մեծ Բրիտանիան քննարկում է Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Times պարբերականը:
Times-ի տվյալներով՝ Ջոնսոնը նման հնարավորությունը դիտարկում է՝ «ի նշան բողոքի ընդդեմ Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարումների»: Ներկայում բրիտանական կառավարությունում այս թեմայով ակտիվ քննարկումներ են ընթանում: Պարբերականը հայտնում է, որ բոյկոտելուն կողմ է արտահայտվել արտգործնախարար Լիզ Թրասը:
Ավելի վաղ Washington Post պարբերականը հայտնել էր, որ Սպիտակ տունը մտադիր է դիվանագիտական բոյկոտի ենթարկել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը: Նման հայտարարություն էր արել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Washington Post-ը նշել էր, որ ոչ Բայդենը, ոչ ամերիկյան կառավարության որևէ անդամ պաշտոնական մակարդակով չի այցելելու խաղերին: Օլիմպիական խաղերին ԱՄՆ մարզիկների մասնակցության վրա դա որևէ կերպ չի անդրադառնալու:
Ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-20-ը: