Բաժիններ՝

«Տեսանյութում երևում էր, որ Դավիթը վիրավոր էր, ադրբեջանական զինվորական համազգեստով մարդիկ իրեն պատգարակով տեղափոխում էին»․ Դեբետ համայնքի ղեկավար

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված 6 տղաներից 41-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Հելբերտի Ամիրյանը Լոռու մարզի Դեբետ գյուղից էր, ունի քույր և եղբայր, երկուսն էլ ամուսնացած են, տարեց ծնողների հետ ինքն էր բնակվում։ Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթն ապագայի հետ շատ պլաններ ուներ, մոտ ապագայում նաև ամուսնությունն էր պլանավորել։

«Դավիթը շատ յուրահատուկ տղա էր, հարգող, հարգվող, հանգիստ․․․ տարբեր աշխատանքներով է զբաղվել, 2 տարի նաև արտագնա աշխատանքի մեկնեց, բայց մոտ 6 տարի էր, որ պայմանագրային ծառայության էր անցել ՀՀ Զինված ուժերում, շատ էր սիրում զինվորականի աշխատանքը։ 2020 թվականին մասնակցել էր 44-օրյա պատերազմին՝ Մատաղիսի ինքնապաշտպանական մարտերին։ Պատերազմից հետո իրար հետ զրուցում էինք, հարցրեցի՝ մտադրություն չունի՞ դուրս գալ ծառայությունից, պատասխանեց՝ ո՛չ։ Դավիթն ամուսնացած չէր, ծնողների հետ էր ապրում․ պլանավորում էր, որ առաջիկայում ամուսնանար․․․»;

Համայնքի ղեկավարն ասաց, որ Դավիթը վերջին անգամ ընկերոջն էր զանգահարել․

«Նոյեմբերի 16-ին, մարտական գործողությունները սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ ընկերոջ հետ կապի է դուրս եկել, զրուցել են, արտառոց որևէ բան չի ասել, ամենօրյա խոսակցություն է եղել․․․»։

Աշոտ Ղազարյանը պատմեց, որ երեկ ուշ երեկոյան համացանցում տեսանյութ են տեսել, որում նաև Դավիթն է երևացել․

«Տեսանյութում պարզ երևում էր, որ ինքը վիրավոր էր, ու ադրբեջանական զինվորական համազգեստով մարդիկ իրեն պատգարակով տեղափոխում էին։ Այդ տեսանյութը տեսնելուց հետո այսօր առավոտյան Դավիթի եղբոր և հորեղբոր տղայի հետ գնում էինք նախարարություն և «Կարմիր խաչ», ասեինք, որ ճանաչել ենք, Դավիթն է, բայց ճանապարհին լրատվամիջոցները զոհվածների անունները հրապարակեցին, իմացանք․․․»։

Դեբեդի համայնքապետին հարցրեցինք՝ արդյոք տեղյա՞կ է՝ Դավիթի մարմինը Հայաստանո՞ւմ է, արդեն տեղափոխե՞լ են գյուղ․

«Ոչ, գյուղ չեն տեղափոխել։ Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ՝ տեղեկություն չունեմ․․․»։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմն այդ պահի տվյալներով 6 զոհ ունի.

«Ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան՝ 31 տարեկան, պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան՝ 30 տարեկան, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան՝ 30 տարեկան, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան՝ 23 տարեկան, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան՝ 41 տարեկան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է»։

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր զոհված տղաներից երկուսին՝ 31-ամյա Տարոն Ջիվանի Սահակյանին և 23-ամյա Արթուր Մարտիրոսյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս