Բաժիններ՝

Սյունիքում զոհված 31-ամյա Տարոն Սահակյանը 2020թ․ պատերազմի օրերին Տավուշի դիրքերն էր պաշտպանել․․․

Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ երեկ Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից, ՀՀ ԶՈՒ զինծառայողի՝ 31 տարեկան ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։

Տավուշի մարզի Ոսկեվան վարչական շրջանի ղեկավար Վլադիմիր Ղազինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Տարոն Սահակյանը պայմանագրային զինծառայող էր, 2015 թվականից մասնակցում էր սպայական դասընթացների․

«Ինքը շատ լավ տղա էր, շատ լավ մարդ էր, վերջին շրջանում գյուղում չէր ապրում, Կողբ գյուղ էր տեղափոխվել։ 2015 թվականին սպայական դասընթացների է մասնակցել, որպես սպա՝ հրետանային զորամասում էր ծառայության անցել, իր հայրն էլ է զինվորական․․․ Տարոնը 2020 թվականի պատերազմի օրերին Տավուշի դիրքերն է պաշտպանել․․․ Իրենք 3 եղբայր էին, Տարոնը միջնեկն էր, ամուսնացած էր, ունի 3 տարեկան որդի․․․»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Սյունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս