«Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանն ուժի կիրառման սպառնալիքի տակ է գնում դեմարկացիայի». Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ երեկ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե իրենք համաձայնել են դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին։ Պատգամավորը մեկնաբանեց նաև Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որն արել էր խորհրդարանում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտնելով,  թե միջազգային հանրությունն իրենց միշտ ասում է, որ Հայաստանի հսկողության տակ կան Խորհրդային Ադրբեջանի տարածքներ, և «մեզ, և Ադրբեջանին ասում է՝ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց»: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի մեկնաբանությամբ.

«Առաջին հերթին նմանօրինակ որակումները նշանակում են, որ իշխանությունները հանցավոր անգործությամբ են զբաղված։ Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հայտնի էր նրանով, որ իր պատմության մեջ ամենամեծ գործուղումների ֆոնդ ուներ։ Սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում չեղավ գոնե մեկ երկիր՝ խորհրդարանի կամ գործադիրի մակարդակով, որը հիմնարար երեք սկզբունքներից ուժի կիրառումն իր հայտարարության մեջ հստակ կիրառեր։ Նույն պատմությունը մենք ունենք այս շաբաթ ծավալված իրադարձությունների հետ։ Չկա որևէ հասցեական հայտարարություն։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀԿ-ն իր կուսակցական դիվանագիտության խողովակներով կարողանում է  ստանալ եվրոպական ամենամեծ կուսակցությունների խմբի՝ ԵԺԿ-ի բավականին հասցեական հայտարարություն, իսկ ամբողջ պետական ապարատը՝ խորհրդարանական դիվանգիտության հետ մեկտեղ, չի հաջողում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ հասարակությունը, փորձագիտական հանրույթը, նաև պատգամավորները, վստաh է՝ նաև իշխանական պատգամավորները, չեն կարող գնահատական տալ մի գործընթացի, որի մասին որևէ տեղեկատվություն տրամադրված չէ։

«Ի՞նչ տրամաբանությամբ է իրականացվելու այդ դեմարկացիան, ինչպե՞ս է ստացվում, որ փաստացի ուժի կիրառման սպառնալիքի տակ է Հայաստանը մտնում դեմարկացիայի գործընթացի մեջ, ի՞նչ պայմաններով, ինչի՞ դիմաց, ի՞նչ գաղտնի պայմանավորվածությամբ։ Հիշեցնեմ, այն իրավիճակը, որն այսօր ունենք Սյունիքում, անցած տարի, ինչպես Նիկոլ Փաշինյանն ընդունեց, իր միանձնյա որոշման արդյունք է հայկական զորքերի նահանջը Սյունիքում։  Նույնիսկ տնային աշխատանքը կատարելիս է թերանում իշխանական խունտան։ Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանական թիմը գրեթե մեկ տարի ուսումնասիրում է Խորհրդային քարտեզները, բայց, օրինակ, երեկ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհը գտնվում էր Խորհրդային Հայաստանի սահմաններում, կա փաստաթուղթ՝ Քոչինյանի ստորագրությամբ»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ փորձագիտական հանրությանը հաջողվում է  գտնել դրա փաստագիտական հիմքերը, իսկ իշխանական ապարատում դա չեն կարողանում անել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս