ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ»-ը հանձնարարել է կրկնապատվաստման և հիվանդությունից հետո ներարկման համար
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը պետք է օգտագործել կրկնակի պատվաստման կամ հիվանդությունը տանելուց հետո սկզբնական իմունացման դեպքում. նման փոփոխությունները ՌԴ առողջապահության նախարարությունը մտցրել է կորոնավիրուսի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ժամանակավոր մեթոդական հանձնարարականների նոյեմբերի 18-ին հրապարակված 13-րդ տարբերակում։
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի օգտագործումը նպատակահարմար է COVID-19-ի համավարակի պայմաններում առաջնային պատվաստումից վեց ամիս անց կրկնակի պատվաստման համար կամ հիվանդությունը տանելուց վեց ամիս անց 18-ից բարձր տարիքի անձանց առաջնային պատվաստման համար»,-հետեւում է նախարարության կայքում զետեղված ժամանակավոր հանձնարարականների նոր տարբերակից:
Ավելի վաղ «Սպուտնիկ Լայթ»-ը հատկապես կրկնակի պատվաստման համար օգտագործելու անհրաժեշտության մասին հայտարարել էր ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը պետք է կիրառվի կրկնակի պատվաստման համար: Մենք տեսնում ենք, որ իմունիտետը, որը ձեւավորվում է, ավելի որակյալ է երկփուլ պատվաստումից հետո, եւ դա սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի պահպանվի առողջությունը»,-ասել է նա:
Դրա հետ մեկտեղ նոյեմբերի սկզբին պատրաստուկի պահանջարկի մեծանալու ֆոնին առողջապահության նախարարությունը դրա լրացուցիչ մատակարարումներ է կազմակերպել Ռուսաստանի տարածաշրջաններում:
«Սպուտնիկ Լայթ»-ը «Սպուտնիկ V» պատվաստանյութի (ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա) առաջին բաղադրիչն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: