ՀՀ իշխանությունները հանդես են գալիս թշնամական իշխանությունների փաստաբանի դերում». Քրիստինե Վարդանյան

«Ոչ միայն այսօր, այլև նոյեմբերի 9-ից  ու արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունը զբաղված է մեկ գործով՝ ծածկադմբոցով: Նկատի ունեմ, որ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ չխոսեն այն լրջագույն ճգնաժամի մասին, որը ստեղծվել է երկրում: Իշխանությունը զբաղված է իր այդ գերխնդրով՝ ցույց տալ ՀՀ-ում ու դրսում իր գործընկերներին, որ Հայաստանում չկա ճգնաժամ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ այստեղ ընդդիմության խնդիրն է, որպեսզի չթողնեն մարդկանց ապրելու բնական բնազդը բթացնել, որովհետև այսօր Հայաստանն իր անկախության 30 տարիների ընթացքում հայտնվել է նման անվտանգային ճգնաժամում: Հայաստանը բազմիցս է եղել պատերազմի մեջ, սակայն նման գոյաբանական խնդիր երբեք չի եղել: Հետևաբար՝ ընդդիմության խնդիրն է՝ չսպասարկել իշխանության ծածկադմբոցի օրակարգը:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում թշնամու կողմից մաքսակետերի տեղադրմանը, Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ներկայիս իշխանության պարագայում իրենք չեն որոշողը, նրանք հակահայ են և պարզապես պոստֆակտում իմանում են այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում: Իսկ տեղի է ունենում այդ ամենը, քանի որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկիրն այնպիսի իրավիճակում է, որ թշնամին անարգել կարողանում է մտել Հայաստանի տարածք:

«Նոյեմբերի 9-ից հետո, մենք կարող ենք փաստել, որ գործ ունենք թշնամական շահեր սպասարկող իշխանության հետ, որովհետև իրենք ոչ թե իրավական հիմքերով ապացուցել են, որ թշնամու գործողություններն անօրինական են, պատժելի են, այլ իրենք արդարացրել են: ՀՀ իշխանությունները հանդես են գալիս թշնամական իշխանությունների փաստաբանի դերում, արդարացնում են նրանց և իրավական հիմք են դնում թշնամու գործողությունների տակ: Կրկնում եմ՝ իրենք իրավիճակի որոշող չեն, իրենց բացառապես տեղեկացնում են, թե ինչ պիտի լինի, իրենք դաշնակցում են թշնամու հետ: Տեսեք փաստերը, ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, և դրանից հետո հայտարարվեց թշնամու կողմից  մեր հիմնական ճանապարհի փակվելու և այնտեղ մաքսակետ տեղադրելու մասին»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս