Հիմա մեր ժողովուրդը և բանակը ձեռքբերովի անօգնականության վիճակում են․հոգեբան
«Կարծում եմ՝ առաջ եկող թշնամուն զինվորները չեն կրակում, որովհետև հրաման չունեն։ Մի կետում հայկական կողմը գերիներ էր վերցրել, սակայն հրամայել էին վերադարձնել, այսինքն` շատ տարօրինակ է իրավիճակը։ Սա երկու թշնամական կողմի բախման իրավիճակ չէ։ Տպավորություն է, որ պատերազմի իմիտացիա է, թեև մասնագետներն ասում են՝ զինվորի պարտքն է, անկախ նրանից, թե ինչ հրաման են տալիս, պետք է պաշտպանվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նրա խոսքով՝ հայ զինվորը հոգեպես կոտրված է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։
«Մեկ տարվա ընթացքում որևէ ինժեներական աշխատանք չկատարվեց։ Տղաները, մի ձեռքին՝ բահ, փոս են փորում, դա ի՞նչ է։ Պաշտպանվելու ձև՞ է։ Նորմալ խրամատներ չունեն։ Տղաները չեն կարող շատ ուժեղ իրենց զգալ, քանի որ տեսնում են շատ լավ զինված թշնամուն, իսկ իրենց թիկունքի հետևում, Աստված գիտի՝ ինչ խաղեր են խաղում։ Զինվորը պետք է իրեն ապահով զգա։ Հայ զինվորը հոգեպես կոտրված է։ Ամեն ինչ արվում է՝ ժողովրդի մեջ զոհի հոգեբանություն դնելու համար։ Թուրքի առջև ծնկաչոք հայ զինվորի կադրերը որ ցույց տվեցին, դա շատ լավ, նախօրոք պլանավորած բեմադրություն էր՝ նորից մեզ հոգեբանական հարված հասցնելու համար։ Այսօր հայ մարդն իրեն զոհի վիճակում է զգում, ընդ որում՝ այն զոհի, որի մեջ պայքարի ջիղը կարծես թե չի արթնանում։ Ինչո՞ւ չի արթնանում, որովհետև անընդհատ հարվածներ է ստանում։ Հենց ուզում է ոտքի կանգնել, մի նոր դավ է լինում։ Եվ գիտեք, այսպիսի դեպքերում մարդը փոխվում է։ Սա ամբողջ ժողովրդին է վերաբերում։ Մի երևույթ կա՝ կոչվում է ձեռքբերովի անօգնականություն, և երբ քեզ անընդհատ դնում են անօգնական վիճակի մեջ, չես կարողանում հարց լուծել, պարտվել ես, պետք է նահանջես, մարդու մեջ ձևավորվում է զգացողություն, որ անօգնական է։ Հիմա մեր ժողովուրդը և բանակը ձեռքբերովի անօգնականության վիճակում են»,- նշեց Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանը շատ վտանգավոր է համարում հակառուսական քարոզչությունը։
«Միակ դաշնակիցը, ում հետ կարելի է ձեռք ձեռքի տված այս վիճակից դուրս գալ՝ Ռուսաստանն է։ Ով չի ալարում, մի հակառուսական բան է ասում։ ԱԺ-ում ասում են՝ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնում, հետո պարզվում է՝ չեն դիմում ՀԱՊԿ-ին, ուղղակի աղմուկ են բարձրացնում։ Ես հեռու եմ այն մտքից, որ բորենիների աշխարհում մեկը մյուսին օգնելու է, սակայն կան միջպետական հարաբերություններ, շահերի համընկնումներ։ Մի քիչ խելամիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում մեր ու ռուսների, Իրանի շահերը համընկնում են։ Խելամիտ, արժանապատիվ արտաքին դիվանագիտություն է պետք՝ առանց մեկից մի բան մուրալու»,- նկատեց Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանը կարևորեց՝ ինքնաքննադատության հետևանքով մեզ չվնասելը, քանի որ, եթե շեշտը դնում ենք դրա վրա, ապա ինքներս մեզ ենք հարվածում։
Ըստ նրա՝ առաջին հերթին կարևոր է ազատվել թակարդից, որում հայտնվել ենք։
«Մենք ունենք պայքարի ընդունակ մարդիկ, ու երբ ինչ-որ մի կայծ լինի հայի սրտում՝ արձագանք է տալու, այսպես չենք մնալու»,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։