«Անկախ ամեն ինչից, Սյունիքում թշնամին այլևս չի կարող որևէ հաջողության հասնել». Արմեն Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Սյունիքում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն տրամադրում է, հետևաբար՝ ինքը հավելյալ մեկնաբանություն չունի:
«Ես տեղեկատվությանը տիրապետում եմ այնքան, որքան պաշտոնական աղբյուրներն են հայտարարություն անում: Բազմաթիվ տեղեկատվություն է ստացվում, որոնք ֆիլտրելու կարիք ունեն, հետևաբար՝ ես չեմ պատրաստվում ասել այն տեղեկատվությունը, որը հարյուր տոկոսով ճշտված չէ: Կրկնում եմ՝ ես հիմա որևէ տեղեկություն չեմ կարող ասել, որովհետև դրանք ճշտված չեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է հայկական կողմից դիրքերի կորստին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ ճշտված տեղեկություններ չունի:
Զոհերի, վիրավորների վերաբերյալ Էդուարդ Աղաջայանի հրապարակած թվերի առնչությամբ էլ պատգամավորն ասաց, որ ով ինչ տվյալ հրապարակում է, ուրեմն՝ տիրապետում է այդ տեղեկատվությանը:
Հարցին՝ հրադադար հաստատելու համար որևէ պայման եղե՞լ է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Այն, ինչը գիտեք, այդքանը ես գիտեմ: Որքանով տեղյակ եմ՝ բանակցություններ կան և այս պահին էլ ընթանում են»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նպատակը Սյունիքում «միջանցքի» ստեղծումն է, Արմեն Խաչատրյանը նշեց՝ «միջանցք» չի կարող լինել:
«Ադրբեջանը, մեր թշնամի երկիրը ուժով չի կարող ստանալ այդ «միջանցքը»: Սա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի, և Հայաստանն ու մեր ժողովուրդը չի հանդուրժելու ոտնձգությունը մեր երկրի նկատմամբ: Հիմա փորձում են հասնել հրադադարի և առաջ անցնել խաղաղ ճանապարհով: Եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, ապա սա չի հանդուրժվելու, և որևէ մեկը չի հանդուրժելու ՀՀ տարածքի վրա հարձակումը: Մեր ու մեր ժողովրդի համբերությունն էլ սահման ունի: Անկախ ամեն ինչից, Սյունիքում թշնամին այլևս չի կարող որևէ հաջողության հասնել: Չեմ կարող ասել, թե թշնամու ոտնձգություններն ինչով էր պայմանավորված, բայց տարբերակներից մեկը «միջանցքի» հասնելն էր»,- հավելեց Արմեն Խաչատրյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում