Վիրավորներ չկան. ՊՆ

168.am-ը քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ երեկ ՀՀ արևելյան սահմանագոտում ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավորներ չունի:

Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր՝ ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է. կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին  գնդակոծել հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններով անդրադառնում էր իրավիճակին:

Իրարամերժ բազմաթիվ տեղեկություններ էին շրջանառվում համացանցում հայկական կողմի կորուստների մասին. Օրինակ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքէջում նշվում էր հայկական կողմի 10 զոհված զինծառայողի և 6 վիրավորի մասին, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում պաշտոնական աղբյուրները հայտնում էին 4 վիրավորի մասին:

Տեսանյութեր

Լրահոս