Աշխարհազորը պետք է գործի անցներ, ՄՈԲ հայտարարվեր, հույսը դնել մի քանի երեխաների վրա, ու նրանց կյանքի հաշվին պետք է սահմա՞ն պահեն». Անգեղակոթի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանի խոսքով՝ այս պահին գյուղում որևէ գործողություն չի կատարվում։

«Ո՛չ զինկոմիսարիատն է ՄՈԲ-ի հետ կապված հայտարարություն արել, ո՛չ մեկ այլ կառույց։ Աշխարհազորը պետք է գործի անցներ, ՄՈԲ հայտարարվեր, պատերազմական իրավիճակ հայտարարվեր, հույսը դնել մի քանի երեխաների վրա, ու նրանց կյանքի հաշվին պետք է սահմա՞ն պահեն։ Ես սա անթույլատրելի եմ համարում»,- 168.amի հետ զրույցում ասաց Արմենակ Մարկոսյանը։

Միևնույն ժամանակ նա փոխանցեց, որ գյուղում որևէ խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրում են։

«Երբ խոշոր տրամաչափի կրակոցներ են լինում, դրանք գյուղում էլ են լսվում։ Հիմա կրակոցներ չեն լսում, այդ հատվածներում հիմա մառախլապատ է։ Այդ հատվածներում երեկոյան մառախուղն ամեն ինչ փակել է, որևէ բան չի երևում, հնարավոր է՝ մառախուղ է, որևէ բան չի լինում, բայց լուրերով կարդում ենք, որ վիճակը ծայրահեղ լարված է»,- եզրափակեց Արմեն Մարկոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Այնուհետև կրկին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային, գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Տեսանյութեր

Լրահոս