Իշխանական պատգամավորները սահմանային իրավիճակի մասին չեն խոսում
Թշնամին ռազմական ագրեսիայի է դիմել Սյունիքի մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
Իսկ ժամը 16։00-ի դրությամբ, ըստ ՊՆ հաղորդագրության՝ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ «Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», գրել էր, որ հայկական կողմն ունի 10 զոհ:
Այս ֆոնին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանգիստ պայմաններում՝ առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների, տարբեր նախագծեր է քննարկում և ընդունում:
Իրավիճակի վերաբերյալ իշխանական պատգամավորներից մեկնաբանություն ստանալու լրագրողների բոլոր փորձերը մատնվեցին անհաջողության:
Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը, Վահագն Հովակիմյանը, Հովիկ Աղազարյանը և մի քանի այլ պատգամավորներ կտրականապես մերժեցին որևէ մեկնաբանություն տալ:
«Չենք խոսում»,- ահա այսպես էին արձագանքում պատգամավորները, որոնք գուցե երկրի համար կարևոր իրավիճակում որոշել են «լռության ուխտ» անել:
Բայց փոխարենը, նրանք շատ արագ գնում ու գալիս էին ԱԺ միջանցքներում, մի դեպքում սնունդ էին տանում իրենց սենյակներ, մի դեպքում՝ ինչ-որ թղթեր՝ տպավորություն ստեղծելով, որ կարևոր գործով են զբաղված և ժամանակ չունեն անդրադառնալու սահմանային իրավիճակին: