«Իշխանասարի փեշերը կրակոցներ կան, լսում ենք այստեղ». Իշխանասար համայնքի ղեկավար

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ կրկին տեղեկացրեց, որ ՀՀ արևելյան սահմանագոտում տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակվում են:

«Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին»,- նշվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՊՆ այս հաղորդագրությունը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» հրապարակմանը, թե իրենց տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ և 6 վիրավոր:

«Հայկական ժամանակ» կայքը հստակեցրել էր նաև հատվածը, որտեղ զարգանում են իրադարձությունները՝ Սյունիքի մարզ՝ Ծիծեռնաքար լեռան դիրքերը: Համացանցում տեղեկություններ կան նաև, որ ծանր մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում:

Սյունիքի մարզի, Սիսիանի տարածաշրջանի Իշխանսար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը նշեց, որ գյուղում թեև կրակոցները լսվում են, սակայն բնակիչները շարունակում են ապրել առօրյայով.  «Իշխանասարի փեշերը կրակոցներ կան, լսում ենք այստեղ:

Բայց ոչ մի հրահանգ չունենք՝ թեկուզ ժողովրդին հանելու, թեկուզ այստեղից ինչ-որ օգնություն տանելու. ոչ մի բան չկա առայժմ»:

Տեսանյութեր

Լրահոս